Մարկոսովի մասնակցությունը Չեխիայի հետ խաղին հարցականի տակ է
Նմանատիպ
Ռուսական «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, ով ընդգրկված էր մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմում, մարտի 11-ին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 23-րդ տուրի շրջանակներում կայացած «Ուֆա»-«Սիբիր» հանդիպման ժամանակ խաղային դրվագում բախվել էր հյուրերի դարպասապահ Տրունինի հետ, որի հետևանքով երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք էին ստացել:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ ունեցած հեռախոսազրույցում Միխայիլ Մարկոսովն ասել է, որ այժմ իր առողջական վիճակը համեմատաբար լավ է, սակայն բժիշկներն ասել են, որ ուղեղի թեթև ցնցում կա:
«Կոտրվել է նաև քիթս, որոշակի ցավեր ունեմ կոնքի շրջանում: Առայժմ վերջնականապես հայտնի չէ, թե որքան կպահանջվի իմ վերականգնման համար: Բժիշկների վերջնական եզրակացությունը կլինի օրերս: Այդ պատճառով դժվարանում եմ ասել՝ կկարողանամ միանալ հավաքականին, թե ոչ: Ամեն ինչ կախված կլինի իմ վիճակից, քանի որ առայժմ բժիշկները խորհուրդ են տալիս միայն հանգստանալ»,-ասել է Մարկոսովը:
«Խաղային այն դրվագում, որտեղ բախվեցի Տրունինի հետ, իմ կողմից միտում չկար, ես նույնիսկ չէի էլ տեսնում նրան, և վազում էի դեպի գնդակը: Կարգապահական կոմիտեն դեռ չի որոշել իմ պատժի չափը, բայց հույս ունեմ, որ հաշվի կառնվի այն հանգամանքը, որ իմ կողմից դիտավորություն չի եղել»,-նշել է Միխայիլ Մարկոսովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում