Հենրիխ Մխիթարյան. Միշտ մեկ քայլ առաջ գնացողը

Հենրիխ Մխիթարյան. Միշտ մեկ քայլ առաջ գնացողը

Որպես նախաբան. 1984 թվականից «Советский воин» թերթը «Գրոհի իշխան» («Рыцарь атаки») մրցանակ էր հանձնում Խորհրդային միության առաջնությունում առավել շատ հեթ-տրիկներ, պոկերներ ձևակերպած ֆուտբոլիստներին: Առաջինն այս մրցանակին արժանացել է Համլետ Մխիթարյանը’ նույն թվականի առաջնությունում դառնալով 3 հեթ-տրիկի և մեկ պոկերի հեղինակ:Ուստի այսօր խոսելով Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանի գոլերից և առհասարակ հաջողություններից’ պետք չէ մոռանալ նաև’ ում որդին է նա:

Հաշվի առնելով հայ ֆուտբոլիստի` Ուկրաինայի առաջնությունում անցակացրած100-րդ հոբելյանական խաղը` allSport.am-ի Շաբաթվա դեմք խորագրում այս անգամ անդրադառնում ենք հենց Հենրիխ Մխիթարյանին:

Հենրիխը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին’ ինչպես արդեն նշվեց ֆուտբոլային ընտանիքում: 1990 թվականին Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ փոքրիկ Հենրիխը սովորում է ֆրանսերեն: Հայրենիք վերադառնալուն պես Մխիթարյանը սկսում է հաճախել Երևանի «Փյունիկի» մարզադպրոց:

Իսկ արդեն 14 տարեկանում հայկական ֆուտբոլի ապագա աստղը 4-ամսյա ֆուտբոլային դասընթացներ է անցնում «Սան-Պաուլուում»: Նկատենք, որ Հենրիխն այդ շրջանում մարզվել է ներկայումս բոլորին շատ հայտնի ֆուտբոլիստներ Լուկաս Մոուրայի, Օսկարի, Էրնանեսի հետ: Բրազիլական ֆուտբոլային հմտություններ ձեռք բերելուց բացի, Մխիթարյանը սովորում է նաև պորտուգալերեն: Ինչը, եթե հաշվի առնենք «հանքափորների» ներկայիս կազմը, նրա համար հաստատ օգտակար եղավ:

«Փյունիկում» Մխիթարյանը իր նորամուտը նշել է 17 տարեկանում: Երևանյան ակումբի կազմում Հենրիխը դարձել է Հայաստանի չեմպիոն, Հայաստանի գավաթակիր և երկու անգամ էլ Հայաստանի սուպերգավաթակիր: Արդեն 2009 թվականից մի շարք հեղինակվոր ակումբներ հետաքրքրություն ցուցաբերեցին հայ ֆուտբոլիստի նկատմամբ. Կիևի «Դինամո», «Լիլլ», «Լիոն», «Լոկոմոտիվ», «Բոկա Խունիորս», բայց Հենրիխն ընտրեց Դոնեցկի «Մետալուրգը»’ հետագա աճի ու մշտական խաղաժամանակ ունենալու համար ճիշտ որոշում:

Հետագայում այս տեղափոխության վերաբերյալ Մխիթարյանը հայտարարեց.

«Կիևի «Դինամոյից» առաջարկ եղել է: Սակայն ես կարծում եմ’ «Փյունիկից» տեղափոխվել այս ակումբ ճիշտ չէ: Դա ինձ համար անչափ մեծ քայլ կլիներ: Ես շատ եմ կարևորում աստիճանաբար և անըդհատ զարգացումը, իսկ միանգամից երկու քայլ առաջ անցնելը սխալ է:
Քանի որ ես ծանոթ էի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոսոտի հետ, որոշեցի ընդունել այդ առաջարկությունը: Կարևոր է, երբ քեզանով հետաքրքրված է ոչ միայն ակումբի ղեկավարությունը, այլև անձամբ մարզիչը»:

Ընդամենը մեկ մրցաշրջան «Մետալուրգի» կազմում և լրատվամիջոցները գրեցին. Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Տոտտենհեմը», «Վերդերը» և «Շախտյորը»: Հենրիխը կրկին կարևորեց աստիճանական զարգացումը և միանգամից մեծ քայլերի չդիմեց, այլ ընդունեց «հանքափորների» ղեկավարության առաջարկությունը: Այստեղ առջևի գծում առաջատար էր Ժադսոնը, սակայն փոխվեցին ժամանակները, փոխվեցին և առաջատարները. հայ ֆուտբոլիստն այսօր փայլում է Ուկրաինայի առաջնություն իր արդյունավետությամբ’ այս մրցաշրջանում միայն Ուկրաինայի առաջնության 21 խաղում Մխիթարյանը 19 անգամ գրավել է մրցակիցների դարպասը’ այս ցուցանիշով նա գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը:

«Շախտյորում» դառնալով առանցքային խաղացող’ Հենրիխը կրկին իր վրա բևեռեց մի շարք ակումբների ուշադրություն. հատակապես շատ քննարկվեց «Զենիթի» առաջարկը. ըստ մամուլում շրջանառվող լուրերի պետերբուրգյան ակումբը հայ ֆուտբոլիստին իր կազմում տեսնելու համար պատրաստ էր վճարել 30 մլն եվրո: Բայց Հենրիխը պետք է մեկ քայլ առաջ շարժվեր, իսկ «Զենիթն» արդյո՞ք «հանքափորներից» մեկ քայլ առաջ է:

Ինչևէ, Մխիթարյանը շարունակում է հանդես գալ «հանքափորների» կազմում: Ներկայիս պայմանգիրը ուժի մեջ է մինչև 2015 թվականը, որից հետո, ինչ որոշում էլ կայացնի հայ ֆուտբոլիստը, համոզված ենք չի հակասի իր’ միշտ մեկ քայլ առաջ սկզբունքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում