Red Eagles-ի պարզաբանումը ֆան ակումբի անվան հետ կապված
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական ֆան ակումբի ներկայացուցիչները պարզաբանում են իրեն ակումբի անվան ընտրությունը.
«Հարգելի ֆուտբոլասերնե՛ր, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտոնական Red Eagles ֆան ակումբի անվան վերաբերյալ վերջին ժամանակներս տարբեր կարծիքներ և մեկնաբանումներ են շրջանառվում համացանցում, ինչի առթիվ էլ հարկ ենք համարում տալ պարզաբանում: Մասնավորապես շատ հարցեր են ուղղվում մեզ, թե ինչու է մեր հավաքականի պաշտոնական ֆան-շարժման անվանումը անգլերեն, այլ ոչ հայերեն: Հայտնում ենք, որ Red Eagles-ը մեր ֆան ակումբի անվան անգլերեն տարբերակ-թարգմանությունն է և որ այն հայերեն տարբերակով կլինի ուղղակի «Կարմիր Արծիվներ»: Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը՝ հարատևման, Հայաստանի անկախության և ազատության համար, իսկ արծիվը խորհրդանշում է հզորությունը: Այսինքն, մեր անվանումն էլ ասոցացվում է մեր սիրելի թիմի պայքարող ոգու և հզոր ներուժի հետ:
Ի սկզբանե մեր ֆան շարժման նպատակն ու ռազմավարությունն է եղել երկրպագության արվեստի տարածումն ու երկրպագուների միացումը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների շրջանում, իսկ անվան թարգմանաբար օգտագործումը համարում ենք անխուսափելի անհրաժեշտություն: Այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ մեր սիրելի հավաքականի պաշտոնական ֆան ակումբի անվան տարբերակված օգտագործումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր ֆուտբոլին ու մեր հավաքականին անմնացորդ նվիրվելու և անձնազոհաբար երկրպագելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում