Եվրոպայի առաջնությունում դեռ մեկ չեմպիոն ունենք
Նմանատիպ
Եվրոպայի առաջնության ծրագրով ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը այսօր կհատի եզրագիծը: Հայաստանի պատվիրակներից ասպարեզում մնացել է միայն մեկը ‘ Մուսա Մուրթազալիևը / 84 կգ /: Նա մեկնարկում կհանդիպի սլովակ Միխայ Բոնդարի հետ:
Երեկ անհաջողության մատնվեցին Գրիգոր Գրիգորյանը / 74 կգ / և գերծանրքաշային Անդրանիկ Գալստյանը: Նրանք անկարող եղան տոն տալ մեդալների համար մղված պայքարին և ձեռնունայն կվերադառնան հայրենիք:
Մարտի 23–ին թբիլիսյան մրցագորգերը կտրամադրվեն հունահռոմեական ոճի վարպետներին: Առաջին օրը Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Հարություն Հովհաննիսյանը / 55 կգ /, Ալեքսան Միքայելյանը / 60 կգ /, Եվրոպայի գործող չեմպիոն, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը / 96 կգ / և Վաչիկ Եղիազարյանը / 120 կգ /:
Հաջորդ օրը’ մարտի 24 –ին, մեր տղաներից խաղարկվող մրցանակների համար պայքարի կելնեն Սասուն Ղամբարյանը / 66 կգ /, Ռաֆիկ Մանուկյանը / 74 կգ / և Արթուր Շահինյանը / 84 կգ /:
Հիշեցնենք, որ Եվրոպայի ընթացող առաջնությունում մեր երկրից մեդալակիր է դարձել միայն ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը / 66 կգ /, որը նվաճել է չեմպիոնի կոչումը:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում