ՀՖՖ-ն և Ոստիկանությունն իրենց մեղավոր չեն համարում…ԱՐՄՄՈԲԻԼ-ը դեռ լուռ է
Նմանատիպ
Երևանի փոխոստիկանապետ, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Հայաստան-Չեխիա հանդիպման ժամանակ առաջացած իրարանցումը, որի հետևանքով տոմսեր ունեցող երկրպագուները չեն կարողացել մտնել մարզադաշտ և հետևել խաղին: Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարել էր, որ այս խնդրի հետ կապված ոչ մի առնչություն չունի և մեղավորները Ոստիկանությունը և «ԱՐՄՄՈԲԻԼ» ընկերությունն են:
Իսկ Կարեն Մովսիսյանը գրել է.
«Ոստիկանը տոմսերի տպագրման, վաճառքի, ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիսատեսին մարզադաշտ թողնելու, տոմսերի ստուգման, դրանց կտրման և մուտքերից տոմսով կամ անտոմս քաղաքացու մուտքն ու ելքը արգելելու հետ չի առնչվում: Մենք իրականացնում ենք սովորական ծառայություն’ ուղղված հասարակական կարգի պահպանմանը:
Իսկ այդ ամենի պատասխանատուն «ԱՐՄՄՈԲԻԼ»-ն է, որն էլ պայմանագրային կարգով, իրականացնում է վերևում թվարկածս ծառայությունները, որի համար, ի դեպ, նորմալ վարձատրվում է: Իսկ երբ նույն «ԱՐՄՄՈԲԻԼԻ» ծառայողները մուտքերը փակում են և հեռանում են ծառայության վայրից, ապա ոստիկանին մնում է հսկել փակված մուտքերը, որպեսզի զանգվածային բախումներ և անկարգություններ չսկսեն:
Մեզ ավելի քիչ է հետաքրքրում հանդիսատեսի տոմսի առկայությունը: Նրանց մուտքն ու ելքը կարգավորողը «ԱՐՄՄՈԲԻԼՆ» է: Ինձ այլ հարց տվեք’ «Պարոն Մովսիսյան, իսկ ձեր հարազատ որդին առանց տոմսի, Ձեր միջամտությամբ կարո՞ղ է մտնել մարզադաշտ»: Ես կպատասխանեմ շատ անկեղծ’ «Եթե ես նույնիսկ շատ ցանկանամ, ապա չեմ կարողանա որևէ մեկին անտոմս անցկացնել»:
Ահա թե ինչու էր մարզադաշտը լեփ լեցուն, իսկ դրսում մի քանի հարյուր քաղաքացի տոմսով, բայց հուսահատ կանգնած էին: Ինձ թվում է, որ իրար հասկացանք»,-մեջբերման ավարտը:
Նշենք, որ «ԱՐՄՄՈԲԻԼ»-ի կողմից դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում