Մաեստրո Չավիի միջազգային կարիերան (մաս 2-րդ)

Մաեստրո Չավիի միջազգային կարիերան (մաս 2-րդ)

Հրապարակման առաջին մասին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

2012-13 թթ. մրցաշրջանը հակասական կարելի է համարել ինչպես Չավիի, այնպես էլ կատալոնական ակումբի համար: Մրցաշրջանի սկզբում թիմը երկրի Սուպերգավաթը զիջեց Մադրիդի «Ռեալին», իսկ հետագայում էլ նրան պարտվեց արդեն Արքայական գավաթում ու թողեց մրցապայքարը: Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» շատ հաջող է խաղում Լա Լիգայում և մրցակիցներից արդեն բավական առաջ է պոկվել: Իսկ ահա Չավին սկսել է բավական հաճախ վնասվածքներ ստանալ, ինչը, իհարկե, գալիս է տարիքից: Սակայն եթե նա պատրաստ է լինում, միշտ խաղում է ամբողջ ուժով ու թիմին մեծ օգուտ է տալիս:

Այժմ անդրադառնանք Չավիի միջազգային կարիերային

Չավին նախքան Իսպանիայի ազգային հավաքականում խաղալը, ելույթ է ունեցել մինչև 17, 18, 20, 21 և 23 տարեկանների ընտրանիներում։

Առաջին միջազգային մրցաշարը, որում խաղացողը ելույթ է ունեցել, եղել է 1999 թվականի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը։ Ինյակի Սաեսի գլխավորությամբ իսպանացի երիտասարդ ֆուտբոլիստները հաղթեցին այդ մրցաշարում’չկրելով ոչ մի պարտություն։ Չավին մասնակցեց 7 խաղերից 6-ին ու դարձավ 2 գոլի հեղինակ։

Այնուհետև 20-ամյա կիսապաշտպանը մասնակցեց 2000թ. Սիդնեյի օլիմպիական խաղերին։ Ի դեպ, այդ մրցաշարին մասնակցում էին նաև Չավիի ակումբակիցներ Կառլես Պույոլը և Գաբրին։ Երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցեց բոլոր 6 խաղերին ու խփեց 2 գոլ։ Եզրափակիչում իսպանացիների մրցակիցները կամերունացիներն էին։ Այդ խաղի հաշիվը 2-րդ րոպեին բացել է հենց Խավին։ Սակայն այդտեղ հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին Պիրենեյան թերակղզին ներկայացնող ֆուտբոլիստները։ Նաև նշենք, որ նրանցից առաջինը գնդակին մոտեցավ հենց կատալոնացի ֆուտբոլիստը ու նրա հարվածը դիպուկ էր։

Չավիի ազգային հավաքականի կազմում նորամուտը կայացավ 2000թ. նոյեմբերի 15-ին’Հոլանդիայի դեմ ընկերական խաղում։ Կիսապաշտպանը հայտնվեց մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Իսկ Աշխարհի 2002 թվականի առաջնության ընտրական փուլում նա մասնակցեց միայն մեկ հանդիպման ու այդ մրցավեճում իր թիմակիցների հետ 4-0 հաշվով առավելության հասավ Ավստրիայի ընտրանու նկատմամբ։ Սակայն այդ հանդիպումը չփոխեց Խոսե Անտոնիո Կամաչոյի դիրքորոշումը կատալոնացու նկատմամբ։ Բացի նրանից, այդ ժամանակվա թիմում կային ևս երկու երիտասարդ ֆուտբոլիստներ’Խոակին Սանչեսն ու Իկեր Կասիլյասը։ Իսկ հենց բուն մրցաշարում Էռնանդեսը ամբողջությամբ մասնակցեց Հարավաֆրիկյան Հանրապետության դեմ հանդիպմանը, ինչպես նաև Հարավային Կորեայի հետ լրացուցիչ երկու խաղակեսերին, ինչի արդյունքում իսպանացիները թողեցին պայքարը 1/4 եզրափակիչ փուլից։


Եվրո-2004-ի ընտրական փուլում Չավին համեմատաբար ավելի շատ խաղաց’ մասնակցելով 8 խաղերից 5-ին։ Նա իր թիմի հետ մեկնեց մրցաշարին, որը այդքան էլ հաջող ավարտ չունեցավ Իսպանիայի հավաքականի համար։ Ի դժբախտություն իրենց, նրանք ընդգրկվեցին միևնույն խմբում բավականին ուժեղ Պորտուգալիայի ու Հունաստանի ընտրանիների հետ, հենց որոնք էլ, ի դեպ, հանդիպեցին մրցաշարի եզրափակիչում։ Արդյունքում Չավին ու իր խաղընկերները խմբում զբաղեցրին 3-րդ հորիզոնականն ու դուրս մնացին հետագա մրցապայքարից։

Իսպանիայի հավաքականի համար անհաջող ստացվեց նաև Մունդիալ-2006-ը։ Նրանք կարողացան բարեհաջող հաղթահարել ընտրական մրցաշարը ու դուրս գալ վճռական փուլ։ 12 հանիպումներից Խավին միայն 7-ին մասնակցեց։ Խմբային փուլն էլ Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչների համար լավ ավարտվեց, քանի որ նրանք 3 հանդիպումներում տարան նույնքան հաղթանակ, սակայն «կարմիրների» ճանապարհին 1/8 եզրափակիչում կանգնեց Ֆրանսիան։ Ինչ վերաբերում է Խավիին, ապա նա վնասվածքի պատճառով բաց թողեց այս մրցաշարը, ինչն էլ ստիպեց իսպանացիների գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսին Մունդիալի հետ կապված այլևս հույսեր չկապել առաջատար կիսապաշտպաններից մեկի հետ։ Չնայած նա չմասնակցեց ֆուտբոլային գլխավոր ստուգատեսին, այդուհանդերձ, շարունակում էր համարվել հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկը ու թիմի հարձակվողներին գնդակներ մատակարարողը։ Կիսապաշտպանին այլևս ոչինչ չխանգարեց 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելուն։ Արդեն մրցաշարի առաջին խաղում, որտեղ «կարմիր ֆուրիան» մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ, Էռնանդեսը ճանաչվեց այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Նա ամբողջ առաջնության ընթացքում հանդիսանում էր թիմի հիմնական դիսպետչերը ու զարմանալ պետք չէ, որ հենց նրան հանձնվեց մրցաշարի լավագույն խաղացողի մրցանակը; Իսպանիայի հավաքականը հաղթող ճանաչվեց նաև 2 տարի անց կայացած Աշխարհի առաջնությունում։ Այդտեղ նույնպես Չավիի տեղը հիմնական կազմում կասկած չէր հարուցում։ Նա մասնակցեց բոլոր կարևորագույն հանդիպումներին ու մեծ մասնակցություն ունեցավ իսպանացիների հաջողության մեջ:

Օրինաչափ է, որ Չավին ընդգրկվեց Մունդիալ-2010-ի խորհրդանշական հավաքականում: Իսկ Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում «Կարմիր ֆուրիան» հասավ արդեն պատմական նվաճման, նվաճում, որին ֆուտբոլի ողջ պատմության մեջ չէր հասել ոչ մի հավաքական: Թիմը Եվրո-2012-ի եզրափակիչում 4-0 ջախջախիչ հաշվով պարտության մատնելով Իտալիայի հավաքականին’հաղթեց 3-րդ անընդմեջ խոշոր մրցաշարում: Իհարկե, Իսպանիայի ներկայիս հավաքականը անչափ ուժեղ է հատկապես իր թիմային խաղով, սակայն պետք չէ անտեսել նաև ֆուտբոլիստների անհատական գործողությունների նշանակությունը: Իսկ այդ առումով, անկասկած, Չավին առանձնանում է:

Ինչ խոսք, ներկայումս և՛ «Բարսելոնան», և՛ Իսպանիայի հավաքականը շատ դժվար է պատկերացնել առանց նրա։ Շատ անհետաքրքիր կլիներ դիտել այդ երկու թիմերի խաղերը, եթե չլիներ Չավին ու իր ֆանտաստիկ փոխանցումները։ Ճիշտ է, Չավին արդեն 33 տարեկան է, սակայն հավատանք, որ իր վերջին խոսքը ֆուտբոլում դեռ չի ասել …

Հետևեք մեզ նաև Telegram-ում