Քաղաքագետ. «Եթե Խոջալուի դեպքերի ողջ ճշմարտությունը բացահայտվի, դա մեծ հարված կլինի ադրբեջանցիների համար»

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում հանդիպեցին քաղաքագետներ Ալեքսանդր Մանասյանն ու Աշոտ Բլեյանը:
Խոսելով Արցախյան հակամարտությանը հայ հասարակության ներգարվվածության մասին` Աշոտ Բլոյանը նշեց. «Հասարակության ներգրավվածությունն Արցախյան խնդրին տարիների ընթացքում փոփոխություններ է կրել: Մինչեւ 1994 թիվը հասարակության յուրաքանչյուր անդամ իր տեղն այս հարցում գիտեր: Սա աննախադեպ համերաշխություն էր, որը հաջողություն բերեց: Այսօր հասարակությունը կարծես թե օտարված է խնդրից, քանի որ հիմա բանակցությունների փուլն է, եւ կարծես թե հասարակությունն այստեղ այլեւս անելիք չունի: Այն տարիներին Արցախը փրկելը ազգային հարց էր»:
Քաղաքագետը տեղեկացրեց, որ ինքը վերջին մի քանի տարում տարում մի քանի կրթական ծրագիր է իրականացրել Արցախի հետ: Այդ ծրագրերից պարզ է դարձել, որ շատ հայ պատանիներ այսօր չգիտեն Արցախի մասին, կապեր չունեն Արցախի հետ անհատական մակարդակով: «Այդ ծրագրերի միջոցով Հայաստանի երիտասարդները բացահայտում են Արցախը», հավելեց Բլեյանը:
Անդրադառնալով խնդրին հասարակության ներգրավվածության հարցին` ասուլիսի մյուս բանախոս Ալեքսանդր Մանասյանն ասաց. «Ադրբեջանի հասարակությունն այլ կերպ է ներգրավված խնդրի մեջ եւ մենք` այլ կերպ: Շատ հաճախ մենք ստիպված ենք լինում ցույց տալ միջազգային ֆորումներում, որ 1988-ին ադրբեջանցիները զանգվածաբար մասնակցել են շրջափակման: Նրանք ամբոխային մասնակցություն ունեին ջարդերին, սա մասնակցության իրենց ձեւ էր: Մերն այլ էր. կամավորական շարժում, մահապարտներ»:
Խոսելով մեր ժամանակների մասին, Ալ. Մանասյանը նշեց. «Հայ ազգային մենթալիտետի մի դրսեւորում ցույց տվեց իրեն խաղաղության հաստատումից հետո: Պատերազմից հետո մենք հանգիստ ենք: Մեզ թվում է, թե ամեն ինչ վերջացավ»: Բնավորության այս գծով է նաեւ քաղաքագետը բացատրում այն հանգամանքը, որ տեղեկատվական պատերազմում մենք որոշ ժամանակ տանուլ էինք տալիս: Բայց հիմա իրավիճակը փոխվել է. պետական կառույցները եւս զգում են դրա կարեւորությունը:
Խոսելով այսօրվա իրականության մասին, Ա. Բլեյանը հատկապես կարեւորեց ինքնորոշված Արցախի գոյության փաստը: Ըստ բանախոսի՝ Արցախի ինքնորոշումը փաստ է, եւ սա նոր խնդիրներ է առաջ բերում. «Այդ նոր խնդիրներն ու իրողությունը պիտի փոխի ինձ, իմ գործողությունները: Արցախը եւս այս փաստից հետո պիտի փոխվի», կարծում է քաղաքագետը:
Բանախոսի կարծիքով շատ կարեւոր է, որ այսօր մենք կարողանանք ստիպել Ադրբեջանին ճանաչել Արցախի ինքնորոշումը: Սակայն սրան հասնելու համար մենք պետք է փոխենք մեր մոտեցումները.«Ադրբեջանն այս մեթոդով չի ճանաչելու Արցախի ինքնորոշումը: Մեզ ուրիշ մոտեցում է պետք»:
Վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվ կերպով շրջանառում է Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանության» մասին խոսակցությունները: Պակիստանը վերջերս ճանաչեց այդ «ցեղասպանությունը», Մեքսիկան ճանաչման ճանապարհին է: Խոսելով Խոջալուի դեպքերի այսպիսի միջազգայնացումից` Ա. Մանասյանը նշեց.  «Մենք գրում ենք Խոջալուի մասին, բայց մենք գրում ենք մեր համար: Քանի որ ճշմարտությունը մեր կողմն է, մեզ թվում է, թե այն կաշխատի: Բայց այսպես չի լինում տեղեկատվական պատերազմում: Ադրբեջանն այս ուղղությամբ հաստատակամ աշխատում է եւ կեղծիք է տարածում: Սա եւս այն բանի հետեւանքն է, որ մենք հանգիստ ենք պատերազմից հետո»:
Ալ. Մանասյանը կարծում է, որ մենք պետք է դատի տանք Ադրբեջանին Խոջալուի համար: «Իրականում ղարաբաղյան ուժերը հայտնել են Բաքվին, որ պետք է տեղի ունենա ռազմական գործողություն, եւ Խոջալուն պետք է ազատագրվի: Ադրբեջանական իշխանույթունները կարող էին տեղահանել մարդկանց: Սակայն այդպես չարվեց, քանի որ այդ ժամանակ պետք էր ազատվել Մութալիբովից, Ադրբեջանի նախագահից: Սա շատ լավ առիթ էր: Խաղաղ բնակրությունը, որը վերջին պահին դուրս է եկել Խոջալուից եւ պետք է Աղդամ հասներ` ոչնչացվել է դիմահար կրակով: Սա նշանակում է, որ կոտորածը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ:  Եթե Խոջալուի ճշմարտությունը բացահայտվեն, դա մեծ հարված կլինի ադրբեջանցիների համար: Այս դեպքերը ցույց են տալիս, թե ինչեր կարող են տեղի ունենալ իշխանության հասնելու համար: Այդ պատճառով էլ Ադրբեջանի իշխանություններն այսքան ագրեսիվ են Խոջալուի թեմայով», նշեց Մանասյանը:
Քաղաքագետը կարծում է, որ պետք է ձեւավորվեն համապատասխան խմբեր, որոնք կզբաղվեն խնդրով ու տեղեկատվություն կտարածեն ամբողջ աշխարհում: «Ադրբեջանի քարոզչամեքենան նրանց հաղթանակ է բերում. տվյալ պարագայում հաղթել է կեղծիքը: Ադրբեջանական հաղթանակը կշարունակվի, եթե մենք չհակազդենք: Եթե մենք լռենք, աշխարհը կխոսի այդ մասին»:
Բանախոսը հավելեց նաեւ, որ վերջերս հայկական կողմի մոտ նկատվում է ակտիվություն: ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»-ն աշխատում է այս ուղղությամբ, ստեղծվում են ֆիլմեր, հրապարակվում են գրքեր, որոնք ներկայացնում են ճշմարտությունն արցախյան հարցի մասին: Բայց դա էլ, ըստ քաղաքագետի, դեռեւս բավական չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում