Ամերիկյան ավիակիրները հեռացել են Հորմուզի նեղուցից

Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ «Կարլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, Հորմուզի նեղուցով Պարսից ծոցից դուրս է եկել դեպի Արաբական ծով, հաղորդում է ռուսական «Взгляд» թերթը՝ հղում անելով ԱՄՆ Ռազմածովային ուժերի լրատվական ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան ավիակիրն անցել էր դեպի Արաբական ծով՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ափը՝ իր պաշարները լրացնելու նպատակով: Մինչ այդ, «Կարլ Վինսոն»-ն այլ նավերի հետ մարտական հերթապահություն է իրականացրել Իրանի հարավ-արևելյան ափերի մոտ` Արաբական ծովի հյուսիսային հատվածում:

Նախորդ շաբաթ «Կարլ Վինսոն»-ը մի քանի օրով խարիսխ էր գցել Դուբայի նավահանգստում: Այժմ պարսից ծոցում ամերիկյան ոչ մի ավիակիր չկա: Իսկ Արաբական ծովում գտնվողում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ավիակիր հարվածային խմբերը` «Կարլ Վինսոն»-ի և «Ավրաամ Լինքոլն»-ի գլխավորությամբ, մարտական առաջադրանք են կատարում` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքին ավիաաջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ամերիկայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ Պարսից ծոց կուղևորվի մեկ այլ ավիակիր:

Երեքշաբթի Իրանի նավատորմի երկու նավեր լքել են սիրիական Տարտուս նավահանգիստը և Սուեզի ջրանցքով շարժվել Իրան:

Հիշեցնենք, որ Արևմուտքն իրանին շարունակ սպառնում էր միջուկային ծրագրերը չդադարեցնելու դեպքում էմբարգո կիրառել իրանական նավթի վրա, ինչին ի պատասխան պաշտոնական Թեհրանը հայտարարեց, թե այդ դեպքում կփակի Հորմուզի նեղուցը, որը կենսակայն նշանակություն ունի միջազգային առևտրի համար: Այդ նեղուցով է ամեն օր անցնում նավթիհամաշխարհային մատակարարումների ավելի քան 40%-ը: Իրանի այն հայտարարությանը ԱՄՆ-ը պատասխանեց, որ նման բան թույլ չի տա:

Հունվարի 23-ին ԵՄ նախարարական խորհուրդն այնուամենայնիվ ընդունեց Իրանի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցը, որը եվրոպական բոլոր երկրներին պարտավորեցնում է սառեցնել իրենց նավթային պայմանագրերն Իրանի հետ մինչև հուլիսի 1-ը: Այդ քայլին ի պատասխան՝ Իրանը հայտարարեց, որ դա ավելի վատ ազդեցություն կունենա հենց եվրոպական տնտեսության վրա, ինչպես նաև խոստացավ ավելի վաղ դադարեցնել իր նավթի վաճառքը ԵՄ երկրներին, քան իրենց նշած ժամկետը:

Արդեն իսկ դադարեցվել են պայմանագրերը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում