Սիրիական ընդդիմությունը միակ ելքը տեսնում է ռազմական միջամտության մեջ, իսկ ԱՄՆ-ը հավատում է քաղաքական ուղիներով հանգուցալուծման
Նմանատիպ
Սիրիայի շուրջ զարգացումները շարունակում են չափազանց լարված մթնոլորտում մնալ: Գրեթե մեկ տարի շարունակվով ճգնաժամի արդյունքում արդեն հազարավոր մարդիկ են մահացել, և սպանությունները դեռ շարոնակվում են: Ներկայացնում ենք միջազգային լրատվական գործակալությունները վերջին անդրադարձները թեմային.
Ընդդիմություն. Սիրիայի ճգնաժամին վերջ կդնի միայն ռազմական միջամտությունը
«Մենք իսկապես համոզվում ենք, որ ռազմական միջամտությունը սիրիական հարցի միակ լուծումն է: Դրա համար երկու տարբերակ կա` ռազմական միջամտություն կամ երկարատև քաղաքացիական պատերազմ»,-հայտարարել է Սիրիական ազգային խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Բասմա Քոդմանին Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը:
Ընդդիմադիր պաշտոնյան ասում է, որ Սիրիական ազգային խորհուրդը առաջարկում է Ռուսաստանին, ով վետո էր կիրառել սիրիական կառավարության դեմ պատժամիջոցների ընդունման մասին ՄԱԿ–ի ԱԽ–ի առաջարկած բանաձևի ընդունման դեմ, օգնել` համոզել Դամասկոսին` երաշխավորելու Սիրիայի խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն տեղափոխող լաստանավերի անվտանգությունը:
Քոդմանին նաև նշել է, որ Սիրիայի ազգային խորհուրդը առաջարկել է ստեղծել տարանցիկ ուղիներ` Լիբանանից դեպի Հոմս, Թուրքիայից` Իդլիբ, Հորդանանից` Դարաա:
Ըստ աղբյուրի խորհուրդը նաև կոչ կանի Եգիպտոսին փետրվարի 24-ին Թունիսում կայանալիք «Սիրիայի ընկերներ» հանդիպման ժամանակ արգելափակել սիրիական կառավարությանը զենք մատակարարող ցանկացած նավի մուտքը Սուեզի ջրանցք:
Սիրիայի այլախոհները նոր բլոկ են ստեղծել
Սիրիայի վարչակարգի հակառակորդներն ստեղծել են «Ազգային բարեփոխումների շարժում» անվանումով նոր ընդդիմադիր դաշինք, գրում է «Hürriyet Daily News»-ը:
Շարժման առաջնորդը՝ Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության նախկին ղեկավար և հայտնի իրավապաշտպան, դոկտոր Օմար Քուրաբին ասել է, որ նոր դաշինքում ներկայացված են իսկական հեղափոխական ուժերը, և նրանց նպատակն է՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո, ստեղծել նոր երկիր:
«Մենք աջակցում ենք հեղափոխությանը: Մեր առաքելությունն է՝ ստեղծել նոր երկիր: Մենք Սիրիայի առաջին ընդդիմադիր կուսակցությունն ենք, որը իսլամական չէ»,-ասել է Քուրաբին «Hürriyet Daily News»-ին տված իր վերջին հարցազրույցի ժամանակ:
Քուրաբին ասել է նաև, որ եթե Սիրիայում ներկայիս իրավիճակը շարունակվի, հնարավոր է քաղաքացիական պատերազմ սկսվի: «Մենք մինչև հիմա չենք տեսել Արաբական լիգայի, ՄԱԿ-ի կամ Թուրքիայի լուրջ աջակցությունը»,- ավելացրել է նա:
Խմբի փոխնախագահ ալավի Վահիդ Սաքիրը, ով 1996 թվականից ապրում է Լոնդոնում, պնդում է, որ Սիրիայում կան շատ ալավիներ, ովքեր ուզում են փոխել երկիրը, բայց վախենում են բարձրաձայնել: «Մենք մեր գրասենյակներն ունենք 9-ը տարբեր երկրներում (400 անդամներով): Շուտով մեկ այլ գրասենյակ է բացվելու Ստամբուլում»,-ասել է Սաքիրը:
Սպիտակ տունը աջակցում է հրադադարի մասին Կարմիր խաչի կոչին
Սպիտակ տան ղեկավարները աջակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հրադադարի կոչը` ուղղված Սիրիային, գրում է թուրքական «turkishweekly.net» պարբերականը:
Կարմիր խաչը հայտնում է, որ շրջափակման մեջ հայտնված մի շարք ընտանիքներ օրերով մնացել են առանց ուտելիքի, ջրի և բժշկական խնամքի, ուստի կառավարական ուժերին և ապստամբներին հրադադարի կոչ են անում:
Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը աջակցում է Կարմիր խաչին` հավաստիացնելով, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում զենք տրամադրել սիրիացի ապստամբներին:
«Մենք դեռ հավատում ենք, որ Սիրիան ճգնաժամի հանգուցալուծման քաղաքական ուղիները դեռ սպառված չեն: Մենք չենք ցանկանում այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն Սիրիայում ռազմական գործողությունների աճին»,- նշել է Քարնին:
«Միջազգային հանրության քայլերը պետք է նպատակաուղղված լինեն նրան, որ Սիրիան ազատվի Բաշար Ալ–Ասադի վարչակարգից և անցում կատարի ավելի ժողովրդավարական ապագայի, քանի դեռ իրավիճակը չի դարձել քաոսային»,-ասում է Քարնին:
Ըստ նրա` Սիրիայում հումանիտար ճգնաժամի պատճառը մասամբ Սիրայի դեմ պատժամիջոցների կիրառման ՄԱԿ–ի ԱԽ–ի առաջարկած բանաձևի տապալումն է:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Չինաստանը և Ռուսաստանը դեմ քվեարկեցին սիրիական վարչակարգի դեմ պատժամիջոցներ կիրառելու ՄԱԿ-ի ԱԽ-ի առաջարկած բանաձևին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում