«Գյումրու մարմնամարզիկ» դպրոցի սաները մեդալներով են վերադարձել Բելոռուսիայի մրցաշարից

«Գյումրու մարմնամարզիկ» դպրոցի սաները մեդալներով են վերադարձել Բելոռուսիայի մրցաշարից

Հայ ակրոբատիկ մարմնամարզիկները մեդալներով են վերադարձել Բելոռուսիայում կազմակերպվող ամենամյա միջազգային մրցաշարից:

Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացրել են «Գյումրու մարմնամարզիկ» մարզադպրոցի մարզիկները: Աղջիկների եռյակ ձևում հանդես են եկել Գայանե Քոչարյանը, Հասմիկ Սիմոնյանը և Քրիստինե Շիմալյանը, խառը տղա-աղջիկ զույգ ձևում՝ Արմեն Սիմոնյանը և Գոհար Կարապետյանը, իսկ աղջիկների զույգ ձևում՝ Գոհար Գրիգորյանը և Անահիտ Գինոսյանը: 

Բոլոր մարզիկներն իրենց ձևերում գրավել են 2-րդ տեղը և արժանացել մեդալների, հավաստագրերի և հուշանվերների: Հայ ակրոբատիկների եռյակը մրցել է 11-16 տարեկանների տարիքային խմբում, իսկ խառը և աղջիկների զույգերը՝ մեծահասակների խմբում՝ սպորտի վարպետի ծրագրով:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցել են շուրջ 200 մարզիկներ 6 երկրների 18 թիմերով՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելոռուսից, Ուկրաինայից, Մոլդովայից և Մերձդնեստրովյան հանրապետությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում