Մաշտոցի պուրակ. Բողոքի ցույցից անցում է կատարվել հասարակական-մշակութային միջոցառումների
Նմանատիպ
Մաշտոցի պուրակում շարունակվող բողոքի ակցիան վերաճել է տարբեր միջոցառումներ անցկացնելու հարթակի:
Այսօր ժամը 15:00-ին սպասվում է «Միջնորդված խոսակցություն» ցուցահանդես-ակցիան, որի խնդիրն է ներգրավել աուտիզմ ունեցող երեխաներին հասարակության մեջ: Ցուցահանդեսի մասնակից յուրաքանչյուր արվեստագետ, վերցնելով այդ հիվանդության տեր երեխաների նկարները և ընդունելով այն որպես «խոսք», ստեղծագործել է՝ կառուցելով զրույց: Այս ցուցահանդեսում ներկայացվելու է ստեղծագործությունների մի մասը, քանի որ մյուս մասի ցուցադրում է տեխնիկապես ավելի բարդ է:
Իսկ ահա ժամը 17.00-ին «Քաղաքացիական ամբիոն» հասարակական քննարկումների շրջանակներում տեղի կունենա զրույց բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ՝ «Հանքարդյունաբերությունը և Թեղուտի աղետը» թեմայով:
Հիշեցնենք, որ մի խումբ բնապահպաններ և երիտասարդ ակտիվիստներ երկու շաբաթ շարունակ բողոքի ցույց են իրականացնում Մաշտոցի պուրակում: Նրանք պահանջում են, որպեսզի Երևանի Քաղաքապետարանը չեղյալ համարի իր որոշումը, ըստ որի՝ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները պետք է ժամանակավորապես տեղակայվեն Մաշտոցի պուրակում: Ակտիվիստների համոզմամբ՝ դա անօրինական է, քանի այդպիսով պատմական այգին կորցնում է իր իմաստը և գործառույթը:
Շարժման տարբեր փուլերում այգի են այցելել և ակտիվիստներին աջակցել են մի շարք քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ:
Այժմ կրպակների մոնտաժման գործընթացը գրեթե ավարտված է, և իրավիճակը խաղաղ է: Իսկ մինչ այդ կար մեծ լարվածություն. Ակտիվիստները պատրաստ էին նույնիսկ պարկել շինարարական մեքենաների տակ՝ միայն թե կրպակների մոնտաժումը կասեցվեր: Բնապահպանները նաև երթ իրականացրեցին դեպի Քաղաքապետարան, որտեղ պահանջում էին անձնական հանդիպում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Հիշեցնենք, որ Տ.Մարգարյանը երկու օր առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշում էր, որ կրպակների մոնտաժումը ժամանակավոր է.
«Չնայած հնչած բացասական և ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երևանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է և փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարևոր որոշում, որքան էլ այն հիմնավորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է:
Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ նշված գործընթացի արդյունքում ամբողջությամբ բարեկարգվելու և կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները: Իսկ զբոսայգու բուն տարածքում իրականացվելու են հետևյալ աշխատանքները.
– հենապատերի և եզրաքարերի վերանորոգում և վերականգնում,
– կանաչ գոտու վերականգնում և ավելացում, ծաղկապատում,
– ոռոգման ցանցի վերականգնում,
– սալիկների վերականգնում,
– նստարանների և աղբամանների տեղադրում,
– արտաքին լուսավորության ապահովում:
Վստահ եմ, որ Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում և ի շահ մեր քաղաքի»,- մասնավորապես ասվում է քաղաքապետի հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում