Մարմնամարզիկներին նոր օլիմպիական շրջափուլը սկսվում է Մոսկվայից

Մարմնամարզիկներին նոր օլիմպիական շրջափուլը սկսվում է Մոսկվայից

Այսօր ‘ ապրիլի 17 –ին Մոսկվայի օլիմպիական մարզապալատում կմեկնարկի Եվրոպայի սպորտային մարմնամարզության անհատական առաջնությունը : Ընդհանրապես աշխարհամասի առաջնությունը տղամարդկանց մասնակցությամբ սկսվել է 1955 –ից , կանանցը ‘ 1957 –ից , իսկ անհատականը ‘ 2005 – ից : Ուստի մոսկովյան այս ստուգատեսը թվով հինգերորդն է , որին մասնակցելու թույլտվություն են ստանում մարզաձևի եվրոպական միության անդամ երկրների միայն առաջատար վարպետները :

Մոսկովյան ստուգատեսով փաստորեն մարմնամարզիկների համար սկսվում է օլիմպիական խաղերի նոր փուլը : Ի հայտ կգան նոր դեմքեր և անուններ : Մրցակարգում կատարված փոփոխություների շնորհիվ որոշ մասնակիցներ կներկայացնեն մարմնամարզական նոր ‘ հետաքրքիր ու բարդ տարրեր : Մարզասերները կտեսնեն նաև հեղինակավոր այն մարզիկ – մարզուհիներին , որոնց ծափահարել են Լոնդոնի օլիմպիական խաղերում :

Մարմնամարզական հերթական միջոցառման ժամանակ մեդալներ կխաղարկվեն և′ բազմամարտում և′ առանձին գործիքների վրա վարժություններում :

Ինչպես հայտնի է , Հայաստանն ունի օլիմպիական խաղերի երեք չեմպիոն և մեկ փոխչեմպիոն , բայց Եվրոպայի ոսկե մեդալակիր են եղել միայն օլիմպիական խաղերի եռակի ու աշխարհի առաջնությունների ոսկե դափնեկիր , Հայաստանի 20 –րդ դարի լավագույն մարզիկ , օղակների արքա Ալբերտ Ազարյանը և նրա շնորհալի հետնորդներից Արթուր Հակոբյանը , որը նվաճել է նաև աշխարհի չեմպիոնի կոչումը :

Հիշեցնենք , որ մոսկովյան ստուգատեսում մեր երկիրը ներկայացնում են հինգ մարմնամարզիկներ . Արթուր Դավթյան , Սերոբ Սողոմոնյան / բազմամարտ / , Հարություն Մերդինյան / նժույգ թափեր / , Վահագն Դավթյան և Արթուր Թովմասյան / օղակներ / :

Տեղեկացնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում