Ռաֆայել Նազարյան. Ֆուտբոլիստները պայքարեցին և հասան ցանկալի արդյունքի

Ռաֆայել Նազարյան. Ֆուտբոլիստները պայքարեցին և հասան ցանկալի արդյունքի

Գավաթի եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մեկնաբանել է «Գանձասարի» հետ մրցավեճը (1:1):

«Շատ լարված, տիպիկ գավաթային խաղ էր: Նման լարվածություն տեսել էի, երևի թե, Մոնտենեգրոյի դեմ երիտասարդականի վերջին խաղում: Բայց փառք ու պատիվ մեր ֆուտբոլիստներին, որ պայքարեցին մինչև վերջ և ցանկալի արդյունքը գրանցեցինք: Մնում է նույն կերպ շարունակենք թե՛ գավաթի խաղարկությունում, թե՛ առաջնությունում:

Երկրորդ խաղակեսում ընտրել էինք հակագրոհների մարտավարությունը’ ունենալով արագ ֆուտբոլիստներ ու գիտակցելով, որ «Գանձասարը» խաղալու է երկար փոխանցումներով: «Գանձասարն» ավելի փորձառու է, իսկ մեր ֆուտբոլիստների մոտ, բնական է, պետք է հոգնածություն զգացվեր, քանի որ ամսի 13-ին խաղ ենք ունեցել:

Նոր մարզադաշտում խոտածածկն ու մթնոլորտը չափազանց ֆուտբոլային է ու ակամա տրամադրում է գեղեցիկ խաղ ցուցադրելուն: Եզրափակչի մասին դեռ չենք մտածում, այս պահին ուշադրության կենտրոնում ամսի 20-ի կարևոր հանդիպումն է»,-մարզչի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում