Զինեդին Զիդանի միջազգային կարիերան և դրա ցավալի ավարտը (մաս 3-րդ)

Զինեդին Զիդանի միջազգային կարիերան և դրա ցավալի ավարտը (մաս 3-րդ)

Հրապարակման առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ, երկրորդին` այստեղ:

1994թ. օգոստոսի 17-ին Զինեդին Զիդանը առաջին անգամ հրավիրվեց Ֆրանսիայի ազգային հավաքական’ մասնակցելու Չեխիայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը։ Ֆրանսիացիները պարտվում էին 0-2 հաշվով, երբ Էմե Ժակեն որոշեց խաղադաշտ դուրս բերել այդ ժամանակ «Բորդոյում» հանդես եկող 22-ամյա Զիդանին։ Վերջինս ֆանտաստիկ ձևով ներգրավվեց հանդիպմանը ու 80 և 82-րդ րոպեներին 2 անգամ գրավելով չեխերի դարպասը’ փրկեց իր թիմին պարտությունից։ 1998թ. Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում հաղթեցին հենց տանտերերը, իսկ եզրափակիչում նրանք 3-0 հաշվով առավելության հասան Բրազիլիայի հավաքականի նկատմամբ ու այդ գոլերից երկուսը հեղինակեց արմատներով ալժիրցի այս ֆուտբոլիստը։

2000թ. եվրոպայի առաջնությունը նույնպես ավարտվեց «եռագույնների» հաղթանակով ու այդ մրցաշարում իրեն իսկական առաջատարի ունակություններով դրսևորեց Զիզուն։ Բացի այդ, նա դարձավ 2 գոլի հեղինակ’մեկական անգամ գրավելով իսպանացիների ու կիսաեզրափակիչում «ոսկե» գոլ պորտուգալացիների դարպասը։ Փոխարենը նրանց համար անչափ անհաջող դասավորվեց 2002թ. աշխարհի առաջնությունը, քանի որ ֆրանսիացիները պայքարը թողեցին դեռ խմբային փուլից ու ընդհանուր առմամբ կրեցին 2 պարտություն, մեկ անգամ էլ խաղն ավարտեցին ոչ-ոքի։ Ինչ վերաբերում է Զիդանին, ապա նա առաջին 2 հանդիպումները բաց թողեց վնասվածքի պատճառով, իսկ վերջին խաղում արդեն անկարող էր փրկել իր թիմին։ 2004թ.«հին աշխարհամասի» առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլում վաստակեց 7 միավոր ու խմբից դուրս եկավ առաջին տեղով։ Սակայն 1/4 եզրափակիչ փուլում պարտվեցին մրցաշարի ապագա հաղթողներին’հույներին։ Զիզուն մասնակցեց բոլոր հանդիպումներին, իսկ անգլիացիների հետ խաղում ձևակերպեց դուբլ,նաև գոլի հեղինակ դարձավ Շվեյցարիայի ընտրանու հետ խաղում։

2006թ. աշխարհի առաջնությունը դարձավ Զիդանի մասնակցած վերջին մրցաշարը։ Այդտեղ նա հանդիսանում էր թիմի ավագը ու բնականաբար մասնակցում էր բոլոր հանդիպումներին, միայն բացառություն կազմեց Տոգոյի հետ խաղը, որը բաց թողեց որակազրկման պատճառով։ Ֆրանսիացիները վստահ քայլերով հասան եզրափակիչ, որտեղ մրցակիցը Իտալիայի հավաքականն էր։ Զինեդին Զիդանի անվրեպ իրացրած 11-մետրանոցի օգնությամբ հաշիվը բացեցին «եռագույնները», սակայն «սկուադրա աձուրան» Մարկո Մատերացցիի դիպուկ հարվածի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Վերջնամասում հենց այս երկու ֆուտբոլիստներն էլ հայտնվեցին ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում։ Խաղի ընթացքում Զիդանն ու Մատերացցին իրար մոտ գտնվելով վազում էին ու հանկարծ Մարկոն ինչ-որ բան շշնջաց Զիզուին, որն էլ շրջվեց ու գլխով հարվածելով իտալացու կրծքավանդակին’նրան տապալեց գետնին։ Մրցավարն էլ ֆրանսիացուն անմիջապես հեռացրեց խաղադաշտից։

Արդյունքում բարոյալքված Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտություն կրեց Իտալիայի ընտրանուց։
Ահա այսպես ավարտվեց այնպիսի ֆուտբոլային հանճարի կարիերան, ինչպիսին Զինեդին Զիդանն էր։ Իհարկե, հետագայում շատ քննարկվեց այդ դրվագը, իսկ անձամբ նա նշեց, որ այդտեղ Մատերացցին սադրել է իրեն’վիրավորելով ընտանիքին ու դրա համար էլ չկարողանալով իրեն զսպել, նա հարվածեց իտալացուն։ Զիզուն զղջաց իր թույլ տված սխալի համար, քանի որ տաք գլխով սխալ որոշում էր կայացրել, սակայն ժամանակը այլևս հետ չես բերի։ Հիմա արդեն նշվում է, որ այդ երկու ֆուտբոլիստները հաշտվել են միմյանց հետ։

Անկախ ամեն ինչից, Զիզուն իր անունը ոսկե տառերով է գրել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում