Ա.Հովհաննիսյան. Ադրբեջանը պատերազմի չի պատրաստվում. զորավարժությունները ձևական բնույթ ունեն
Նմանատիպ
«Ադրբեջանը պատերազմի չի պատրաստվում, թեև զորավարժությունների անցկացումը հոգեբանական ազդեցություն ունի թե ներքին լսարանի, թե թիրախային խումբ համարվող հայկական կողմի վրա»: Նման տեսակետ այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Բանախոսը նշել է, որ ցանկացած երկրում զորավարժություններ են կազմակերպվում՝ մարտունակությունը ստուգելու և այն հնարավորինս բարձրացնելու նպատակով:
«Զորավարժությունները սահմանին անցկացնելու փաստը չպետք է մտահոգության առիթ դառնա: Ես շատ քիչ դեպքեր եմ հիշում, որ իրենք զորավարժությունը սահմանին չանցկացնեն: Իրենց կողմից բարձրաձայնվող աննախադեպության մասին, սակայն, դեռ հստակ ոչինչ չենք կարող ասել»,- նշել է փորձագետը:
Ա.Հովհաննիսյանի կարծիքով՝ պատահական չէ, որ զորավարժությունները կազմակերպվել են ձմեռային այս ցուրտ օրերին, քանի որ պատմական փաստերը վկայում են այն մասին, որ ադրբեջանցիները տանուլ են տվել ձմեռային մարտերը: Ըստ բանախոսի՝ ընդհանրապես զորավարժությունների անցկացմանը հնչեղություն տալու համար այն ղեկավարում է Գլխավոր շտաբի պետը, իսկ Ադրբեջանի անցկացրած զորավարժությունները ղեկավարում էր նրանց պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, որի «ընդունակությունները» արդեն երևացել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ:
Ռազմական փորձագետի խոսքերով՝ Արցախում անցկացվող զորավարժությունները նույնպես կազմակերպվում են սահմանին` զուտ տեղանքով պայմանավորված: Սակայն ի տարբերություն մեզ՝ հակառակորդն ավելի մեծ սահման ունի և ցանկության դեպքում կարող էր այլ տարածք ընտրել: Ա.Հովհաննիսյանի կարծիքով՝ թեև հստակ չի նշվում զորավարժությունների անցկացման վայրը, այն, ավանդականի պես, հարավարևմտյան` Ֆիզուլի-Ջաբրայիլ-Հորադիզ հատվածում է:
Փորձագետը նաև համողմունք է հայտնել, որ Ադրբեջանը պատերազմի չի պատրաստվում.
«Ադրբեջանցիները կամ իրենք էլ չեն հասկանում` ինչպես են ուզում պատերազմել, կամ լրիվ ձևական բնույթ է կրում այս ամենը: Այս դեպքում ես չեմ տեսնում` պատրաստությունը ինչի համար է: Դա ապացուցում է նաև իրենց կողմից զենքի տեսակների ոչ հստակ ձեռքբերումը»,- նշել է Ա.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կործանիչների ձեռքբերումն անհասկանալի էր, քանի որ մեր տարածաշրջանում դրանք կիրառելի չեն: Ադրբեջանը նաև ձեռք է բերել զենք, որից Ռուսաստանը հրաժարվել էր` ոչ պիտանիության համար:
«Ադրբեջանցիների կողմից զենքերի գնումը աննպատակ է և զորավարժությունների ընթացքում հայտարարված նորագույն տեխնիկայի ցուցադրման մասին հայտարարություններն ունեն PR նպատակներ»,- ընդգծել է փորձագետը: