Դեսպան Մելքոնյանն անդրադարձել է հայ-եգիպտական երկարատեւ հարաբերություններին
Նմանատիպ
Փետրվարի 22-ին Կահիրեի Համալսարանում տեղի է ունեցել ԵգիպտոսումՀայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանի դասախոսությունը՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դասախոսությունը, որին ներկա էին համալսարանի տարբեր ֆակուլտետների բազմաթիվ ուսանողներ և պրոֆեսորա–դասախոսականանձնակազմի անդամներ, կազմակերպել էր Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Բանասիրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մոթազ Սայիդ Աբդալլահը ևՀայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մահմուդ Ալավին:
Իր ելույթում դեսպան Մելքոնյանը հանգամանալից ներկայացրեց հայ–եգիպտական հարաբերությունների անցած ուղին ու զարգացման հեռանկարները: Նա նշեց, որ 1992թ. երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնադրումից հետո հայ–եգիպտական համագործակցությունը ձեռք է բերել նոր որակ` ընդգրկելով տարատեսակ ոլորտներ:
Խոսելով երկու բարեկամ ժողովուրդներին մերձեցնող պատմա–մշակութային հենքի մասին` դեսպան Մելքոնյանն ընդգծեց, որ «հայ ժողովուրդն երբեք չի մոռանա, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած նրա հազարավոր զավակներն ապաստան գտան արաբական երկրներում, այդ թվում` Եգիպտոսում: Եգիպտացի եղբայրների և քույրերի հոգատար և սրտացավ վերաբերմունքի շնորհիվ նրանք կարողացան ապաքինել իրենց վերքերը, ինտեգրվել նոր միջավայրում և իրենց ավանդը բերել այդ հյուրընկալ երկրի հասարակական կյանքին` միաժամանակ պահպանելով հայկական ուրույն ազգային դիմագիծը»:
Արմեն Մելքոնյանն անդրադարձավ նաև Խորհրդային Միության փլուզման շրջանում Հայաստանի ունեցած մարտահրավերներին` Լեռնային Ղարաբաղի շուրջ պարտադրված պատերազմին, շրջափակմանը, տնտեսական ճգնաժամին, և դրանց հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերին, խոսեց անկախության տարիներին ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների և այլ ձեռքբերումների մասին: Ինչ վերաբերում է Եգիպտոսում տիրող իրավիճակին, ապա դեսպանը համոզմունք հայտնեց, որ հսկայական ներուժ ունեցող այդ երկիրը կկարողանա կարճ ժամանակահատվածում հաղթահարել անցումային շրջանի բոլոր դժվարությունները և ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով հասնել իր ժողովրդի իղձերի իրականացմանը:
Դեսպան Մելքոնյանը պատասխանեց ներկաների հարցերին, իսկ վերջում, որպես գնահատանք Կահիրեի Համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեության` նրա տնօրենին նվիրեց հայ–եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը խորհրդանշող հուշապնակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում