Ֆուտբոլային Եվրոպայի սիրտը. «Նոու Կամպ»

Ֆուտբոլային Եվրոպայի սիրտը. «Նոու Կամպ»

Ինչպես հայտնի է, այս մարզադաշտում իր տնային հանդիպումներն է անցկացնում կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը: Այստեղ է հանդես գալիս նաև Կատալոնիայի ազգային հավաքականը: «Նոու Կամպը» կառուցվել է 1957 թվականին և ներկայումս տեղավորում է 99354 հանդիսական: Այն համարվում է ոչ միայն Իսպանիայի, այլև Եվրոպայի մեծագույն մարզադաշտը: Սկզբնական շրջանում կատալոնացիների մարզադաշտը կոչվում էր Estadi del FC Barcelona, սակայն 2001 թվականից այն պաշտոնապես ստացավ «Նոու Կամպ» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է նոր մարզադաշտ:

ԿԱՌՈՒՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նոր մարզադաշտ կառուցելու միտքը առաջացավ այն բանից հետո, երբ «Բարսելոնայի» տնային հանդիպումների համար նախատեսված «Լես Կորտս» խաղադաշտը իր քիչ տարողականության պատճառով սկսեց այլևս չբավարարել ակումբի պահանջները: «Բարսելոնայի» այդ տարիների նախագահ Ֆրանսեսկ Միրո-Սանսի այդ որոշումը պայմանավորված էր նաև նրանով, որ կատալոնական ակումբի հավերժ մրցակից Մադրիդի «Ռեալը» կառուցեց «Էստադիո Չամարտին» մարզադաշտը, որը հետագայում ստացավ «Սանտիագո Բեռնաբեու» անվանումը:
«Նոու Կամպ» մարզադատի գլխավոր ճարտարապետը կատալոնական ակումբի նախագահի հորեղբոր որդին էր, որը և ներկայացրել էր կառուցման նախագիծը: Առաջին շինարարական աշխատանքները սկսվեցին 1953 թվականին, որի համար ակումբը հատկացրեց 67 միլիոն պեսետ, որին հետագայում ավելացվեց ևս 288 միլիոն: Այդ ահռելի ծախսերը որոշ չափով փոխհատուցելու համար որոշվեց վաճառել «Լես Կորտս» մարզադաշտը, սակայն Կատալոնիայի քաղաքապետարանը շուրջ 10 տարի այդ հողը փոխադրում էր այլ կարգի, ինչն էլ հանգեցրեց ժամանակակից միջոցների պակասին: Նոր մարզադաշտի բացումը տեղի ունեցավ 1957 թվականի սեպտեմբերի 24-ին: Այդ օրվանից ի վեր, կատալոնական ակումբը իր բոլոր տնային հանդիպումներն անցկացնում է «Նոու Կամպում», քանի որ մոտ 100000 հանդիսատես տեղավորող մարզադաշտը հնարավորություն է տալիս թիմի գրեթե բոլոր երկրպագուներին ներկա գտնվելու իրենց սիրելի ակումբի շատ խաղերի:

Ինչպես այդ տարիներին, այնպես էլ հիմա մարզադաշտը համարվում է աշխարհում ամենատարողունակներից մեկը: Նոր խաղադաշտի բացվելուն պես, սկսվեց ակտիվորեն քննարկվել նրա անվանումը: Շատերի կարծիքով, այն պետք է կրեր ակումբի հիմնադիր Ժուան Գամպերի անունը, սակայն արդյունքում կոչվեց Estadio del Club de Futbol Barcelona: Այդուհանդերձ, երկրպագուների շրջանում այն շարունակում էր ունենալ «Նոու Կամպ» անվանումը, քանի որ այն թարգմանաբար նշանակում է «նոր մարզադաշտ», իսկ «Լես Կորտսը» հաճախ անվանվում էր «հին մարզադաշտ»:

Այս հարցին վերջնական լուծում տալու համար ակումբի նախագահ Էնրիկ Լաուդետը անվանում ընտրելու մրցույթ հայտարարեց: Կային 2 տարբերակներ’Estadi Barca կամ Estadi Kamp Nou, իսկ արդյունքում ընդունվեց Estadi del FC Barcelona անունը: Չնայած այդ անվանվանը, Բարսելոնայի երկրպագուները ու ֆուտբոլային աշխարհի մարդիկ շարունակում էին խաղադաշտը կոչել «Նոու Կամպ» ու այդ իսկ պատճառով 2001 թվականին կատալոնական ակումբի նախագահ Խուան Գասպարը ընդունեց վերջնական որոշում, որի համաձայն’մարզադաշտը պաշտոնապես ստանում է «Նոու Կամպ» անվանումը:

ԲԱՑՈՒՄԸ

Մարզադաշտը բացվեց 1957 թվականի սեպտեմբերի 24-ին ու բացման հանդիպման շրջանակներում «Բարսելոնան» ընկերական խաղ անցկացրեց լեհական «Լեգիա» թիմի հետ ու առավելության հասավ 4-2 հաշվով: Մարզադաշտի պատմության մեջ առաջին գոլի հեղինակ դարձավ կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Էուպոխիո Մարտինեսը; Ինչ վերաբերում է առաջին պաշտոնական խաղին, ապա այն կայացավ 1957 թվականի հոկտեմբերի 6-ին: Այդ օրը 1957-1958 թթ. մրցաշրջանի 2-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» ուժերն էր չափում Հայենի «Ռեալի» դեմ: Խաղն ավարտվեց դաշտի տերերի ջախջախիչ հաղթանակով’6-1: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ նույն Էուպոխիո Մարտինեսը:

 Շարունակելի…

Հետևեք մեզ նաև Telegram-ում