Ֆուտբոլային Եվրոպայի սիրտը. «Նոու Կամպ» (մաս 2-րդ)

Ֆուտբոլային Եվրոպայի սիրտը. «Նոու Կամպ» (մաս 2-րդ)

Նյութի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԸ

«Նոու Կամպը» վերակառուցվել է մի քանի անգամ: Առաջինը եղել է 1981 թվականին, երբ Իսպանիան պատրաստվում էր ընդունել աշխարհի 1982 թվականի առաջնությունը; Այդ պատճառով մարզադաշտի նստատեղերի քանակը հասցվեց 120000-ի: Այնուհետև 1998 թվականին ՈՒԵՖԱ-ի հրահանգով որոշվեց Նոու Կամպի բոլոր նստարանները փոխարինել առանձին նստատեղերով, ինչը տարողունակությունը իջեցրեց 98934-ի: Իսկ ահա 2007 թվականին «Բարսելոնան» պատրաստվում էր տոնել մարզադաշտի կառուցման 50-ամյակը, ինչի առթիվ նրա վերակառուցման նախագծի համար հայտարարվեց ճարտարապետների մրցույթ: Շուրջ 80 ճարտարապետական ընկերություններ առաջարկեցին իրենց տարբերակները և 2007 թվականի սեպտեմբերի 18-ին, Կատալոնիայի ճարտարապետների կազմակերպության որոշմամբ, հաղթող դարձավ անգլիական ընկերությունը, որը կոչվում էր «Ֆոստեր և գործընկերներ»: Հենց նրանք էին զբաղվել հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտի վերակառուցման աշխատանքներով: Սկզբնական շրջանում այդ նախագծի համար ակումբը հատկացրեց 250 միլիոն եվրո: Այն առաջին անգամ հանրությանը ներկայացվեց 2007 թվ. սեպտեմբերի 22-ին, երբ կատալոնացիները մրցում էին «Սևիլյայի» դեմ: 2008-ին որոշվեց դադարեցնել նախագիծը, իսկ շինարարական աշխատանքները վերսկսվեցին 2009-ին’ավարտին հասցվելով 2011-ին:

ՄԵՐՁԱԿԱՅՔԸ

«Նոու Կամպ» մարզադաշտը «Բարսելոնայի» սպորտային կոմպլեքսի մի մասն է միայն: Նրան կից գտնվում է «Մինի Էստադի» խաղադաշտը, որը տեղավորում է 20 հազար հանդիսական: Այնտեղ իրենց մարզումներն են անցկանցում ակումբի երիտասարդական թիմերը, իսկ «Բարսելոնա Բ»-ն 2-րդ լիգայի իր տնային հանդիպումները հենց այնտեղ է անցկացնում: Հարևանությամբ է գտնվում կատալոնական ակումբի ֆուտբոլային ակադեմիայի շենքը, որը կրում է «Լա Մասիա» անվանումը: Հենց այնտեղ են իրենց կարիերայի առաջին քայլերը կատարել թիմի այժմյան աստղերի մեծ մասը: Չմոռանանք թանգարանի մասին, որը այցելուների պակաս երբեք չի ունեցել: Իսկ ահա «Պալաու Բլաուգրանան» այն մարզադահլիճն է, որտեղ մարզվում են «Բարսելոնայի» բասկետբոլի, հոկեյի, հանդբոլի ու մինի-ֆուտբոլի թիմերի ներկայացուցիչները: Այն տեղավորում է 8000 հանդիսական:

ԸՆԴՈՒՆԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Բացի այն, որ այստեղ իր սեփական հարկի տակ անցկացվող խաղերն է անցկացնում տեղի «Բարսելոնան», «Նոու Կամպում» են կայացել զանազան այլ պաշտոնական ու ընկերական հանդիպումներ: Սկսենք նրանից, որ այն ընդունել է եվրոպայի 1964 թվականի առաջնության 2 մրցավեճեր: Նախ, կիսաեզրափակչում ԽՍՀՄ-ի հավաքականը 3 անպատասխան գնդակ է ուղարկել Դանիայի դարպասը, ապա վերջիններս 3-րդ տեղի համար մրցակցությունում 3-1 հաշվով պարտություն են կրել հունգարացիներից: Այդ երկու խաղերին միասին վերցրած մարզադաշտից հետևել են մոտ 42000 երկրպագուներ: Ինչպես նշեցինք, աշխարհի 1982 թվականի առաջնությունից առաջ, նստատեղերի քանակը զգալիորեն ավելացվեց ու դա էլ մեծ մասամբ նպաստեց անչափ բարձր հաճախելիությանը: Ընդհանուր առմամբ, անցկացվեց Մունդիալ-82-ի 5 հանդիպում, 4-ը’խմբային փուլից, 1-ը կիսաեզրափակչից: Ամենաշատ թվով երկրպագուներ ներկա գտնվեցին մեկնարկային տուրի Արգենտինա 0-1 Բելգիա հանդիպմանը’95000: Իսկ ահա կիսաեզրափակիչ Լեհաստան – Իտալիա հանդիպմանը, որում «սկուադրա աձուրան» հաղթեց 2-0 հաշվով, անմիջապես մարզադաշտից հետևեցին ընդամենը 50000 ֆուտբոլասերներ: «Նոու Կամպում» կայացավ նաև 1992 թվ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը, որում Իսպանիայի հավաքականը 3-2 հաշվով առավելության հասավ լեհերի նկատմամբ:
Եվրոպայի մեծագույն մարզադաշտում են անցկացվել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 2 եզրափակիչներ: Առաջինում 1989 թ. մայիսի 24-ին «Միլանը» 4-0 հաշվով ջախջախեց ռումինական «Ստյաուային», իսկ ուղիղ 10 տարի անց’մայիսի 26-ին, թերևս ամենադրամատիկ եզրափակիչներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը»2-1 հաշվով խաղի վերջին րոպեներին պոկեց հաղթանակը «Բավարիայից»:

«Նոու Կամպը» ընդունել է նաև ՈՒԵՖԱ-ի գավաթի, եվրոպայի սուպերգավաթի, Իսպանիայի Արքայական գավաթի բազմաթիվ եզրափակիչներ, Իսպանիայի ազգային հավաքականի հանդիպումներ, մինչ օրս ընդունում է Կատալոնիայի ընտրանու խաղեր, նույնիսկ տարբեր հայտնի երգիչ-երգչուհիների համերգներ ու բազմաթիվ այլ միջոցառումներ:
Հավելենք’ «Նոու Կամպը» եվրոպական այն առաջին մարզադաշտերից է, որն ստացել է հինգաստղանի կոչում: Ու այս բոլորը կրկին անգամ փաստում են, որ առանց այս մարզադաշտի արդեն հնարավոր չէ պատկերացնել ոչ ժամանակակից ֆուտբոլը, ոչ էլ առավել ևս «Բարսելոնան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում