Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանների նոր նամակը քաղաքապետին

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ են հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝անդրադառնալով Մաշտոցի այգու վերաբերյալ փետրվարի 20-ին իրենց նամակին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից տրված պատասխանին, ինչպես նաևվերջին օրերին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններին: Times.am-ը ներկայացնում է նախաձեռնությունների տարածած նամակն ամբողջությամբ.
«Պատասխանում մասնավորապես նշված է, որ խնդրո առարկա այգում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա չէր, քանի որ կառուցապատման ընդհանուր մակերեսը չի հասնում ՀՀ կառավարության 30.03.1999թ. թիվ 193 որոշմամբ սահմանված սահմանային չափին, այն է` 1500 քմ:
Հիշեցնում ենք, որ հենց Երևանի քաղաքապետարանի կողմից մեզ հանձնված փաստաթղթերի փաթեթում առկա ճարտարապետահատակագծային առաջադրանքում կառուցապատման ընդհանուր մակերեսը նշված է 10981 քմ,այսինքն` գերազանցում է նշված սահմանային չափը: Իսկ այն հանգամանքը, թե կառուցվող շինություններն ինչ մակերես ունեն կամ հիմնականեն թե ոչ, չի վերացնում ձեռնարկողի պարտականությունը` կառուցապատումն իրականացնել բացառապես շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական փորձաքննական եզրակացության դեպքում:
Հակառակ մեր հիմնավորման, որ կառուցվող շինությունները հիմնական են, որովհետև ՀՀ կառավարության 24.09.2001թ.թիվ 896 որոշմամբ տրված սահմանմանը չեն համապատասխանում` թաց շինարարական պրոցեսի միջոցով կառուցված լինելու հանգամանքով, պատասխանի մեջ տեղ է գտնել նաև պնդում, թե կառույցները ոչ հիմնական են, քանի որ կատարվել են նույն կարգով թույլատրելի` հողին ժամանակավորապես ամրացնելու միջոցով:Առաջարկում ենք, վերոնշյալ կարգը չենթարկել կամայական մեկնաբանության և փոխարենը այն ներկայացնել ամբողջությամբ:
Մասնավորապես` մատնանշված կետին նախորդող կետը սահմանում է, որ ոչ հիմնական շինությունը պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը: Մինչդեռ, ակնհայտ է, որ այգու կառուցապատման ընթացքում շինությունների ամրակցումն ընթանում է թաց պրոցեսներիմիջոցով:
Վերոնշյալից բխում է մեր մյուս պնդումը, որ որոշումների ընդունման և կառուցապատման ողջ գործընթացում խախտվել են Հայաստանի Հանրապետության հողային, քաղաքաշինության և բնապահպանական օրենսդրության մի շարք դրույթներ,ներառյալ` որոշումների ընդունման գործընթացում հանրության իրազեկման ևմասնակցության վերաբերյալ պահանջները:
Անհիմն ենք համարում այն պնդումը, թե մեր թվարկած իրավական ակտերով սահմանված պահանջները վերաբերում են հիմնական շինություններին միայն: Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական ակտերը մեկնաբանվում են դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, իսկ քաղաքաշինության կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ոլորտի իրավական ակտերը որևէ տարբերակում չեն դնում հիմնական կամ ոչ հիմնական շինությունների կառուցապատման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացների միջև:
Եթե Երևանի քաղաքապետարանի ձեռքի տակ առկա են այս պնդման հակառակն ապացուցող փաստաթղթեր, կառաջարկեինք դրանց մասին տեղեկացնել հանրությանը: Մյուս կողմից, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ շեշտադրվում է կառուցվող տաղավարների «ժամանակավոր»բնույթը: Երևանի քաղաքապետարանին խնդրում ենք նաև մեզ ուղղորդել դեպի այն իրավական ակտը, որը սահմանում է, թե ինչ է նշանակում «ժամանակավոր» և ինչ իրավական կարգավորման է ենթարկվում նման կառույցի շինարարության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը:
Խիստ ուշագրավ ենք համարում նաև այն հանգամանքը, որ քաղաքապետարանը շարունակաբար պնդում է, թե շինարարությունը համապատասխանում է Երևանի գլխավոր հատակագծին և Երևանի Կենտրոն համայնքի գոտևորման նախագծին:
Բազմաթիվ մասնագետներ, այդ թվում` Երևանի գլխավոր հատակագծի և Կենտրոնի գոտիավորման նախագծի հեղինակները, գտնում են, որ շինարարությունը չի համապատասխանում նշյալ փաստաթղթերին: Անզեն աչքով անգամ տեսանելի է դրանց անհամապատասխանությունը, ուստի` խնդրում ենք ոչ թե հանդես գալ հայտարարություններով,այլ հիմնավորել և հանրությանը ցուցադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու հաuտատման ընթացակարգերին համապատասխան ընդունված որևէ քաղաքաշինական փաստաթուղթ, որը կհիմնավորի խնդրո առարկա զբոսայգու ներկայումս ծավալված կառուցապատումը:
Արձանագրում ենք նաև, որ մի քանի օր առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ այգում կառուցվող շինությունները պատկանում են Երևանի քաղաքապետարանին, և որ վերջինս կարող է դրանք ազատորեն տնօրինել: Այս հայտարարությունը հակասում է մինչ այդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի փետրվարի 21-ի հայտարարությանը, որում, մասնավորապես, ասված էր. «Երևանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինությունները Երևանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ ապամոնտաժվել են: Շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել են այլ տարածքներ, որոնց թվում նաև Մաշտոցի պողոտա – Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ և անխնամ տարածքը»:
Այս իրարամերժ հայտարարություններն անվստահության և թերահավատության մթնոլորտ են ստեղծում: Ուստի` հիմք ընդունելով տեղական կառավարման հաշվետու, մասնակցային և թափանցիկ կառավարման սկզբունքները, որը, ի դեպ, որոշ չափով արտահայտվել է քաղաքապետ իհայտարարության մեջ, և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, դրանով սահմանված ժամկետներում մեր վերոնշյալ հարցադրումներին մասնագիտորեն հիմնավորված պատասխաններից բացի, խնդրում ենք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.
1. Երևանի քաղաքապետի, ավագանու կամ այլ պաշտոնատար անձանց որոշում(ներ)ի պատճենները, որոնց հիման վրա Աբովյանի հանրային տարածքը մասնավորեցվել էր կամ վարձակալության/օգտագործման տրվել առևտրային նապատակով.
2. Ովքե՞ր են Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցների սեփականատերերը և նրանք ի՞նչ իրավունք են ունեցել այն հողատարածքների նկատմամբ, որոնց վրա կառուցված են եղել իրենց խանութները: Խնդրում ենք տրամադրել համապատասխան հողահատկացումների վերաբերյալ Երևանի ժամանակին պաշտոնավարող քաղաքապետերի որոշումների պատճենները.
3. Ներկայացնել վարձակալության և բոլոր այլ տեսակի պայմանագրերի պատճենները, որոնց հիման վրա նշյալ խանութները կառուցվել և շահագործվել են Աբովյան փողոցում.
4. Երևանի քաղաքապետի որոշում(ներ)ի պատճենները, որոնց հիման վրա Աբովյան փողոցից ապամոնտաժվել են նշյալ կառույցները և տեղափոխվել խնդրո առարկա տարածք (ի դեպ, այս փաստաթուղթը պահանջել էինք նաև մեր առաջին գրությամբ, որը, սակայն, չէր ներկայացվել).
5. Ովքե՞ր են ներկայումս խնդրո առարկա տարածքում կառուցվող շինությունների սեփականատերերը: Եթե դրանք կառուցվում են Երևանի քաղաքապետարանի կողմից, ապա խնդրում ենք պարզաբանել, թե ինչու տարածքում ուշացումով տեղադրված շինարարության վերաբերյալ իրազեկման վահանակի վրա, ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ. թիվ 11-Ն հրամանի համապատասխան` չի ներկայացվել տեղեկատվություն «համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների շինարարության նախահաշվային արժեքի մասին».
6. Տարածքը «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշման, կառուցապատման իրավունքի գրանցման վկայականի, տվյալ ՓԲԸ կանոնադրության և Երևանի քաղաքապետարանի ու ՓԲԸ միջև կնքված պայմանագրի պատճենները.
7. Եթե խանութները կառուցվում են իբրև փոխհատուցում, ապա խնդրում ենք տրամադրել բանակցությունների արդյունքում կնքված համաձայնագրերի և պայմանագրերի պատճենները, ինչպես նաև ներկայացնել թե այս խանութների տեղափոխման արդյունքում ինչ ֆինանսական օգուտ կամ վնաս է ստացել Երևան համայնքը.
8. Ներկայացնել նաև հաշվարկներ, որոնք ցույց կտան, թե ապամոնտաժումից առաջ ինչ ֆինանսական օգուտ կամ վնաս է ստացել մեր համայնքը Աբովյան փողոցի խանութներից:
Սեփականության իրավունքի պաշտպանության սկզբունքը որդեգրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածով հաստատված սահմանափակումը, որ «սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներնու օրինական շահերը»:
Մենք այգում սպասում ենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա որոշմանը` ի շահ Երևան համայնքի, այսինքն` հանրային սեփականության և շահի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում