ՀՀ և ԵՄ միջև մեկնարկել են վիզայի դյուրացման շուրջ բանակցությունները
Նմանատիպ
Փետրվարի 27-ին Երևանում մեկնարկեցին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները: Հայկական պատվիրակություն գլխավորում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պաշտոնյաներ: ԵՄ պատվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության, Եվրոպական արտաքին գործերի ծառայության և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Այս շրջանակներում ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, ինչպիսիք են պաշտոնական պատվիրակության անդամները, գործարարները և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողները, գիտնականները դպրոցականները, ուսանողները, և այլք: Նախատեսվում է նվազեցնել Շենգենի մուտքի վիզաների գինը և կրճատել պահանջվող փաստաթղթերի ցանկը:
Հետընդունման համաձայանգրով կարգավորվելու է ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման ընթացակարգերը:
Բանակցությունները կշարունակվեն նաեւ փետրվարի 28-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում