Լույս է տեսել «Ջավախքի ժողովրդական հեքիաթներ» գիրքը

Հրաշալի հրատարակություն՝ Ջավախքի ժողովրդական հեքիաթներ, Վ. Սարգսյանի նախաբանով: Ներկայացվող ժողովածուում առաջին անգամ փորձ է արվել հայ անվանի ազգագրագետների կողմից մինչ օրս գրի առնված և տարբեր գրքերում հրատարակված ժողովրդական հեքիաթներն ընթերցողին ներկայացնել մեկտեղված տեսքով:
Ջավախքի հեքիաթների սույն ժողովածուի հիմքը կազմում են երկու հրատարակություններ: Առաջինը` Հայոց Ազգագրական ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի կողմից 1911 թ. Ալեքսանդրապոլում հրատարակած «Պառավաշունչ» գրքույկն է, որտեղ տեղ են գտել հայ նշանավոր ազգագրագետ և բանահավաք Ե. Լալայանի կողմից գրի առնված Ջավախքի ժողովրդական չորս հեքիաթներ: Երկրորդը` ՀՍՍՌ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից հրատարակած «Հայ ժողովրդական հեքիաթների» IV հատորն է, որտեղից վերցրել ենք Ջավախքի ժողովրդական հեքիաթների մնացած չորս գործերը:
Չնայած «Հայ ժողովրդական հեքիաթների» IV հատորում Ջավախքի ժողովրդական բոլոր ութ հեքիաթների տեղ գտնելուն, մենք նպատակահարմար ենք գտել չորս հեքիաթները վերցնել հիշյալ «Պառավաշունչ» ժողովածուից, քանի որ այն հրատարակվել է հեղինակի` Ե. Լալայանի կենդանության օրոք և լեզվաոճային առումով ավելի հարազատ է Ջավախքի բարբառին: Բացի այդ, ՀԺՀ IV հատորի նշյալ չորս հեքիաթները նույնպես արտատպվել են «Պառավաշնչից»:
Մնացյալ չորս հեքիաթներից, որոնք վերցված են «Հայ ժողովրդական հեքիաթների» IV հատորից, երեքը ՀՍՍՌ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակել է արխիվային ձեռագրերի հիման վրա: Այդ ձեռագրերը պահպանվում են Բանահյուսական արխիվում (Երվանդ Լալայանի ֆոնդ, գործ 1, N 899), վերջիններիս վրա դրված է «Ե. Լալայանի խմբարշավ» կնիքը: ՀԺՀ IV հատորի մեկ հեքիաթ էլ, որը զետեղել ենք սույն գրքույկում, իր հերթին արտատպված է «Ազգագրական հանդեսից» (19-րդ գիրք, էջ 158): Հեքիաթը գրի է առել Ե. Լալայանը:
Փաստորեն, սույն պատկերազարդ գրքույկում տեղ են գտել մինչ այժմ գրի առնված և տարբեր կերպ հրատարակված Ջավախքի ժողովրդական ութ հեքիաթներ: Վերջիններիցս հինգը գրի է առել Հայոց մշակույթի հենասյուներից մեկը հանդիսացող ջավախքյան մշակույթի երախտավոր, Ջավախքի ազգագրության և բանահյուսության մեծ նվիրյալ Երվանդ Լալայանը, իսկ մնացյալ երեքը գրի են առնվել վերջինիս կողմից 1911-1916 թթ. ղեկավարած խմբարշավի արդյունքում` հայ ժողովրդական բանահյուսության այլ նվիրյալների կողմից: «Էրզրումում մարդ չեղավ, Ստամբոլում աղա էղավ» վերնագիրը կրող հեքիաթը չի ներառված ՀԺՀ IV հատորի «հիմնական տեքստեր» բաժնի Ջավախքի հեքիաթների շարքում, այստեղ կա միայն յոթ հեքիաթ: Նշված հեքիաթը հատորի խմբագիրը տեղադրել է նույն գրքի «1-ին հավելված» բաժնում («1-ին հավելված» բաժնում զետեղված են այն հեքիաթները, որոնք բովանդակությամբ թույլ են, չունեն գեղարվեստական-պատմողական այն վարպետությունն ու արժեքը, ինչ-որ հիմնական տեքստեր բաժնինը): «Կախարդ Արապը» հեքիաթը վերցրել ենք ոչ թե ՀԺՀ IV հատորի «հիմնական տեքստեր» բաժնի Ջավախքի հեքիաթների շարքից, այլ նախընտրել ենք նույն հեքիաթն արտատպել «2-րդ հավելվածից» (այստեղ զետեղված են հատորի հիմնական տեքստերից վերցրած` յուրաքանչյուր խմբից մեկական հեքիաթ, տվյալ տեղավայրի խոսվածքի ձևաբանական ու արտասանական առանձնահատկությունների գիտական ճշգրիտ տառադարձությամբ):
Գիրքը կազմելիս հավատարիմ չենք մնացել ՀՍՍՌ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հայ ժողովրդական հեքիաթներ» հատորյակի` հեքիաթների դասավորման սկզբունքին, այն է` սկզբում դնել հրաշապատում (կախարդական), ապա իրապատում (կենցաղային) հեքիաթները: Գրքում հեքիաթները դասավորել ենք` սկզբում բնագրային հերթականությամբ դնելով «Պառավաշնչի», այնուհետև մնացյալ` ՀԺՀ IV հատորյակից արտատպվող հեքիաթները: Հակառակ սրան` բոլոր հեքիաթներն արտատպելիս վերջիններս չենք ենթարկել որևէ խմբագրական, սրբագրական, լեզվաոճական կամ այլ կարգի փոփոխման: Հեքիաթներն արտատպված են «Պառավաշնչից»` այնպես, ինչպես կան, պահպանել ենք նաև ՀԺՀ IV հատորի խմբագրական կոլեգիայի և կազմողների բոլոր մշակումներն ու իրականացված խմբագրական-սրբագրական աշխատանքները:
Վերջում ավելացնենք, որ սույն ժողովածուի յուրաքանչյուր հեքիաթի վերջում ՀԺՀ IV հատորից արտատպել ենք տվյալ հեքիաթի անձնագիրը, որի միջոցով ընթերցողը մանրամասն տեղեկություններ կստանա հեքիաթի ստեղծման թվականի, վայրի, գրի առնողի, հրատարակման աղբյուրի, բարբառային տեսակի և այլնի մասին: Քանի որ «Պառավաշնչում» չկան այդպիսի անձնագրեր, ապա այդ չորս հեքիաթների անձնագրերը նույնպես վերցրել ենք ՀԺՀ IV հատորից: Անձնագրերն արտատպելիս` վեիրջիններիցս կրճատել ենք այն մասերը, որոնք տվյալ հեքիաթի սյուժեն համեմատում են կամ նմանեցնում ինչպես IV, այնպես էլ նախորդ հատորներում տեղ գտած այլ շրջանների ժողովրդական հեքիաթների հետ:
Ջավախքի ժողովրդական բանահյուսության այս եզակի գանձերը, որոնք պահպանել և մեր մշակույթի երախտավորներին է պահ տվել ջավախահայությունը, իրենց մեջ պարունակում են վերջինիս նիստ ու կացի, կենցաղի, տարբեր սովորույթների ու հավատալիքների բոլոր արտահայտչաձերը: Սյուժեներում ամենուր գերիշխում է արդարությունը, որն արտահայտված է թագավորի, արդար դատաստանների, դավաճաններին, չարերին անխնա պատժելու իրողությունների տեսքով: Այսպիսի հեքիաթների առկայությունը վառ ապացույցն է այն բանի, որ արդարություն կոչված վեհ ու մարդկային զգացումն ի սկզբանե արմատացած է եղել ջավախահայության գիտակցության մեջ, զգացում, որը ծնվելով յուր էթնիկ բնօրրանում ապրող հայ ազգի այդ հատվածի հետ` ապրում է նրանից անբաժան:
Ի վերջո` այս հեքիաթներն անփոխարինելի շտեմարան են նրանց համար, ովքեր կուզենան առավել մոտիկից ծանոթանալ հայոց մայր բարբառներից մեկի` «կը» ճյուղին պատկանող Կարնո հիասքանչ բարբառի հետ, որից քիչ է տարբերվում Ջավախքի(Ախալցխա-Ախալքալաք-Ծալկայի) գավառաբարբառը:
պ.գ.թ. Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
ԳԻՐՔԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅՎԵԼ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Գրքի հրատարակման նյութական ծախսերը հոգացել է «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում