ՀՖՖ-ի և «Գեոթիմի» համատեղ նախագիծն արժանացել է ՈւԵՖԱ-ի մրցանակին

ՀՖՖ-ի և «Գեոթիմի» համատեղ նախագիծն արժանացել է ՈւԵՖԱ-ի մրցանակին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Գեոթիմ» ընկերության համատեղ՝ «Սպորտի և խաղաղության դպրոցներ» նախագիծը «մասսայական ֆուտբոլ» անվանակարգում արժանացել է ՈՒԵՖԱ-ի Hattrick ծրագրի մրցանակին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ապրիլի 27-ին տեղի ունեցած ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովի ընթացքում «մասսայական ֆուտբոլի լավագույն ծրագիր» մրցանակը ՀՖՖ նախագահին է հանձնել ՈՒԵՖԱ-ի Hattrick կոմիտեի անդամ, Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սաֆարյանը:

Կարեւորելով մասսայական ֆուտբոլի զարգացումը եւ այն համարելով ՀՖՖ առաջնահերթություններից մեկը’ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծ նշանակություն տվեց «Գեոթիմ»-ի հետ համատեղ «Սպորտի և խաղաղության դպրոցներ» 8-ամսյա նախագծին, քանի որ ծրագիրը նպատակաուղղված էր սպորտի, մասնավորապես, մասսայական ֆուտբոլի զարգացմանը:

Ամբողջ 2012 թվականի ընթացքում «Գեոթիմ» ընկերության հետ համատեղ իրականացված ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցեցին Վայոց Ձորի և Սյունիքի մարզի Սարավան, Գնդեվազ և Գորայք համայնքների հարյուրավոր երեխաներ:

Ծրագիրը կարևորում է նաեւ ինտերակտիվ մշակութային շփումները, հանդուրժողականությունը և միմյանց ավելի լավ ճանաչելու հանգամանքը:

ՀՖՖ մարզիչներն ու հրահանգիչները ծրագրի ընթացքում անցկացրել են նաեւ ամառային ճամբար, ֆուտբոլային հանդիպումներ, ֆուտբոլային ունակությունների զարգացմանն ուղղված խաղեր, վիկտորինաներ, որպեսզի հնարավոր լինի սպորտի և առողջ ապրելակերպի միջոցով խթանել երեխաների և պատանիների զարգացումն ու ինտեգրումը նշված համայնքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում