Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր իր կարծիքն է հայտնելու Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի մասին
Նմանատիպ
Այսօր Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Փարիզի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով 20:00) պետք է իր կարծիքը ներկայացնի Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, այդ թվում նաև՝ Հայոց Ցեղասպանության մասին, հայտնում է«Nouvelles d’Armenie» պարբերականը:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամների թվում են նաև երկրի նախկին նախագահներ Վալերի Ժիսկար դ’Էսթենը և Ժակ Շիրակը, ում օրոք Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Սակայն հայտնի է, որ Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան-Լուի Դեբրեն բացասաբար է տրամադրված Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրենքի նկատմամբ: Վերջինս դեռևս 2006 թվականի մայիսի 18-ին, լինելով Ազգային ժողովում նիստի վարող, խափանել է նմանատիպ թեմայով քննարկումը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ցեղասպանությունների, այդ թվում նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը սահմանում է մինչև մեկ տարի ազատազրկում և 45.000 եվրո տուգանք այդ փաստը հերքելու համար: Օրինագծի մշակման օրվանից թուրքական կողմը սովորության համաձայն ներկայացրեց իր սպառնալիքները և պահանջները՝ վստահեցնելով, որ օրենքի ընդունման դեպքում իրենց մի շարք պատժամիջոցներ կկիրառեն Ֆրանսիայի նկատմանբ, այդ թվում՝ կսառեցնեն բոլոր տեսակի դիվանագիտական հարաբերությունները, տնտեսական և ռազմական համագործակցությունը:
Ֆրանսիայում թուրքական լոբբինգի ինտենսիվ աշխատանքից հետո օրինագիծը բողոքարկվեց Սահմանադրական դատարանում, ինչը փոքր-ինչ հետաձգեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից օրինագծի վավերացումը: Սակայն նշենք, որ Ն.Սարկոզին բազմիցս հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հետևողական լինի այս օրինագծի ընդունման հարցում, և եթե նույնիսկ Սահմանադրական խորհուրդն այն անվավեր ճանաչի, ապա իր կուսակցությունը, կատարելով համապատասխան փոփոխությունները, հանդես կգա նոր օրինագծով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում