Սեսկ Ֆաբրեգասի համար պայքարում է նաև «Միլանը»

Սեսկ Ֆաբրեգասի համար պայքարում է նաև «Միլանը»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը գրավել է իտալական գրանդի ուշադրությունը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիայից» կրած պարտություններից հետո Ֆաբրեգասն այն խաղացողներից է, ովքեր երկրպագուների կողմից քննադատության են ենթարկվել: Ինչի առիթով էլ խոսակցություններ տարածվեցին, որ իսպանացին կարող է վերադառնալ «Արսենալ», որտեղից էլ հայտնվել էր կատալոնական ակումբում:

Միևնույն ժամանակ, Լոնդոնը միակ տարբերակը չէ Սեսկի համար: Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, նրա ծառայությունները հետաքրքրել են «Միլանին»: «Ռոսսոներին» դեմ չէ իր կազմն ուժեղացնել Ֆաբրեգասի մակարդակի ֆուտբոլիստով, սակայն միայն այն պայմանով, որ նրա տրանսֆերը գնահատվի 40 մլն.-ից ցածր գումարով: Հիշեցնենք’ հենց այդքան գումարով էր նա Լոնդոնից տեղափոխվել Կատալոնիա:

Ֆաբրեգասի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2016 թվականը, ու անձամբ ֆուտբոլիստը վերջերս նշել է, որ իրեն չեն հետաքրքրում տրանսֆերային շշուկները: Սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ «Միլանը» լուրջ խաղաքարտ ունի’ Մատյե Ֆլամինին: Ֆրանսիացին Սեսկի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է դեռ այն ժամանակվանից, երբ միասին հանդես էին գալիս «Արսենալում», ու նա կարող է իսպանացուն համոզել տեղափոխվել Իտալիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում