ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը հավաքվել են ցույցի ԱԺ-ի շենքի դիմաց

Այս պահին Ազգային ժողովի՝ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ հավաքվել են Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները և համախոհները։

Ինչպես հաղորդում է Լուրեր.com-ը,ՀՅԴ ակտիվիստների ձեռքերում հիմնականում կարմիր դրոշներ են, իսկ Կոնգրեսի  անդամներն եկել են պաստառներով, թմբուկներով և շվիներով։ Ոստիկանությունը ցուցարարներին պարտադրում է չքայլել փողոցով և տեղակայվել միայն հետիոտնի համար նախատեսված հատվածներում։

Ցուցարարները կոչ են անում հրաժարվել մեծամասնական ընտրակարգից, հայտարարելով, թե մեծամասնականի պահպանումը «կարող է բերել արտագաղթի ու աղքատության»: 

ԱԺ-ի շենքից այս պահին դուրս են եկել ՀՅԴ խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը, ովքեր պատրաստվում են նաև հանդես գալ ելույթով և ներկայացնել, թե ինչ ընթացակարգով է ԱԺ-ում քննարկվելու 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրինագիծը։

Քիչ առաջ ցուցարարներին են միացել նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի առանցքային դեմքերը։ Դրան զուգահեռ, ոստիկանության աշխատակիցների թիվը ԱԺ շենքի մոտ ավելանում է։ Բաղրամյան պողոտայում թևածում է ընդդիմության «ազատ, անկախ Հայաստան» կարգախոսը։ Ժամը 14։30-ին ԱԺ-ում սկսվել է ներկայացված օրինագծի քննարկումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում