«Մեր պետությունը գրքի նկատմամբ հատուկ վերաբերմունք պետք է դրսևորի»

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անտարես հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը և արձակագիր Արամ Պաչյանը խոսել են գրքի նկատմամբ վերաբերմունքի մասին, ինչպես նաև ԱԱՀ օրենքում փոփոխությունների շուրջ, որոնք հանգեցրել են գրքերի 20 տոկոս թանկացման:

«Բյուրոկրատ» գրախանութի տնօրենը նշել է, որ գրքի այս թանկացումը մեր պետական բյուջեին ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ. «Այդ 20 տոկոսն արդեն գրքի վաճառքի վրա ազդել է. մարդիկ շրջվել են դեպի էլեկտրոնային գիրքը: Մենք դրան դեմ չենք, բայց գրքից օգտվելը կուլտուրա է. կան գրքեր, որոնք պետք է անպայման ձեռքով բռնել»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:

Հ.Հովհաննիսյանը նաև շեշտել է, որ գիրքն ամբողջությամբ պետք է ազատել ավելացված արժեքի հարկից, ինչպես ազատված են ուսումնական, մանկական գրքերը:

«Անտարես»-ի տնօրեն Ա. Մարտիրոսյանն իր հերթին օրինակ է բերել, որ «Նոյան տապան» գրախանություն արդեն կա գիրք, որը հեղինակից գնում են 3000 դրամով, իսկ վաճառում՝ 6000-ով: «Այսօր մեր սպառողները, ֆինանսական նկատառումներից ելնելով, չեն կարողանում գիրք գնել»,- ասել է նա:

Արձականգիր Ա.Պաչյանը հայտնել է, որ գրողները «Facebook» սոցիալականա ցանցում խումբ են ստեղծել, որով պահանջում են ազատել գիրքն ավելացված արժեքի հարկից. «Մենք վաղը նամակ ենք հանձնելու վարչապետին ու սպասելու ենք պատասխանին, որից հետո պարզ կլինեն հետագա քայլերը: Մի քանի հետաքրքիր բան ենք մտածել, և ամեն ինչ անելու ենք, որ մեր խոսքը տեղ հասցնենք: Մեզ խոստացել են հաջորդ շաբաթ ԱԺ-ում այդ հարցի շուրջ քննարկում կազմակերպել»,- նշել է Ա.Պաչյանը: 

Արձակագրի կարծիքով՝ օրենքն ընդունողներն իրենք էլ չեն կարողանում կոնկրետ բացատրություն, թե ինչու այդ որոշումը կայացվեց. «Ու, թեև տարին պետք է գրքին նվիրված լիներ, հաշվի առնելով Հայ գրատապության 500-ամյակն ու Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելը, այս հարկը կանխում է դա»,- նկատել է Ա. Պաչյանը:

«Անտարես» հոլդինգի տնօրենը նաև հայտնել է, որ իրենք հանդիպել են ֆինանսների նախարարության աշխատակիցների հետ, ովքեր խոստացել են, որ 15-օրյա ժամկետում պարզաբանում կլինի:

«Գիրքը հոգևոր ու մշակութային արժեք է ու հարկային դաշտում պետք է արտոնություններ ունենա: Ինչի՞ հավասարվենք Ադրբեջանին ու վճարենք բարձր հարկ: Ինչո՞ւ չհետևենք ավելի լուրջ երկրների փորձին ու ցածր հարկենք: Եթե պետությունը լավ չվերաբերվի գրքին, հասարակությունը նույնպես լավ չի վերաբերվելու: Մեր պետությունը գրքի նկատմամբ հատուկ վերաբերմունք պետք է դրսևորի»,- ասել է Ա,Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ընթերցանությունն ամբողջ աշխարհում նվազել է 1 տոկոսով, իսկ Հայաստանում` 90:

Հետևեք մեզ նաև Telegram-ում