Իրավական պատրաստվածություն եւ քաղաքական հզորացում

Լիբանանահայության ազգային-քաղաքական կյանքի եռուզեռը շարունակվում է: Անթիլիասի միջազգային խորհրդաժողովը հազիվ ավարտված,  լիբանանահայությունը ոգեկոչեց սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակը, այս անգամ՝ հատուկ նշումով:

Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ժապավենը  փաստավավերագրական առումով պատերազմի արհավիրքը, Բաքվի իրականացրած ջարդերն ու հայ անմեղ բնակչության դեմ սանձազերծած պատերազմի ծալքերը բացահայտող տեղեկությունների աննախադեպ հավաքածու է, որն ամփոփված է բուլղարացի լրագրողի՝ տարիների ընթացքում  ռազմաճակատներում պատրաստած տեսանյութերում: Տեսանյութերին հետեւողը շատ արագ կարող է հասկանալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ձեռք բերման՝ ինքնապաշտպանության  եւ ազատագրական պայքարի շարժառիթները:

Ադրբեջանական հետեւողական հարձակումներն ու շարունակվող ջարդարարությունը անպայման զուգահեռվում են թուրքական շարունակվող ցեղասպանության հետ: Թուրքական եւ ադրբեջանական համակարգված մեքենաները շարունակում են գործել ինչպես զինվորական, այնպես նաեւ քաղաքական եւ տեղեկատվական ասպարեզում, նաեւ` ցեղասպանական եւ ջարդարարական քաղաքականությունը իրականացնելու ուղղությամբ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմակերպած իրավական հարցեր քննարկող միջազգային համագումարը հաստատեց ցեղասպանության շարունակականության փաստը եւ այդ առումով ճանաչումից հատուցման հանգրվան անցնելու իրավական ուղիների որոնումներում նոր հեռանկարների  ուրվագծման նախաքայլեր արձանագրեց:

Հայոց եկեղեցիների, ազգապատկան կալվածքների, անձնական սեփականության, ինչքերի, ապահովագրությունների եւ տարբեր ունեցվածքների փաստահավաքը, գրանցումները, վավերաթղթերի համախմբումները կազմում են հատուցման պահանջատիրության նախնական աշխատանքները: Իրավունքը ենթադրում է դատ, դատը` ատյան. իսկ ատյանի դիմումը` անառարկելի փաստերի հանրագումարով պատրաստված թղթածրար` հիմնված միջազգային օրենքների օրինաչափությունների վրա: Այս թղթածրարի պատրաստության նախանշումն էր, որ հատուցման հանգրվանում  առարկայականորեն նախապատրաստվելու ազդանշանն էր տալիս:

Անթիլիասի միջազգային համագումարը այս բոլորին առընթեր լուռ պատգամ էլ  ուներ: Հայկական դաշտում դերերի բաշխման եւ համակարգման  անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության, հայոց եկեղեցական կենտրոնների եւ սփյուռքյան կազմակերպությունների միջեւ, միջազգային ընտանիքի ամենաարդյունավետ եւ ազդեցիկ ձեւերով ներկայանալու անհրաժեշտությունից է բխում: Հատուցման պահանջատիրությունը համազգային խնդիր է եւ բոլորի ներդրումը այստեղ նախապայման է նպատակուղղված աշխատանքի համար: Լուռ պատգամը հզորանալու եւ քաղաքական ինքնապարտադրանքի ճանապարհով միջազգային օրենքները հայության արդար դատաստանին ծառայեցնելու հրամայականն է: «Ուժն է ծնում իրավունք»-ի նժդեհյան փիլիսոփայությունը մեկ անգամ եւս զգալի էր դարձնում Անթիլիասի համաժողովում, երբ ամեն անգամ որեւէ փորձագետ իրավական ճանապարհը նեղ էր համարում հայկական իրավունքների վերականգնման ուղիները հարթելու համար:

Քաղաքական հզոր գործոնի վերածվելը գերխնդիր է համայն հայության համար, մանավանդ երբ նկատի ենք ունենում միջազգային ատյանների նկատմամբ բանեցված քաղաքական ճնշամիջոցների իրականությունը: Իրավականորեն պատրաստվել, ուրեմն եւ քաղաքականապես հզորանալ:

Արցախը այս առումով ուսանելի դաս ունի հատուցման մեր հետագա աշխատանքների համար: Արցախի ազատագրական պայքարը, ազատագրումը, ինքնորոշումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը հայկական գործոնի զինվորաքաղաքական հզորացումն են, որի հիման վրա իրականացված է հողային հատուցումը եւ որի հիման վրա միայն Արցախը իրավականորեն պատրաստ է այսօր միջազգային ընտանիքի կողմից ճանաչվելու: Առանց առաջինի, երկրորդի համար լավագոյն պատրաստվածությունը դատապարտված էր մնալու տեսաբանության սահմաններում:

Անթիլիասի համագումարը շատ կարեւոր նախաքայլ է մեր հետագա աշխատանքների հունավորման համար: Նրա լուռ պատգամը` իրավագիտական նախապատրաստվածության առընթեր քաղաքական հզոր գործոն դառնալու համազգային համոզման հերթական վերաամրագրումն է՝ Արցախի արձանագրած հաղթերթի ուղով:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Հետևեք մեզ նաև Telegram-ում