Հայաստանը և Նորվեգիան քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել ԱԳՆ-ների միջև

Փետրվարի 28-ին Երևանում Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ, տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Արձանագրելով վերջին շրջանում քաղաքական երկխոսության կայուն դինամիկան՝ կողմերը քննարկեցին հայ-նորվեգական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նորվեգական աջակցությամբ Հայաստանում իրականացվող  ծրագրերին:

Նորվեգական կողմի խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները և այդ կապակցությամբ արձանագրված դրական զարգացումները: Քննարկվեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորությունները:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում