Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել Հայոց ցեղասպանության օրինագիծը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերումՖրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանն ասել է, որ պայքարը պետք է շարունակել. «Սահմանադրական խորհուրդը ցուցաբերեց քաղաքական անհարիր կեցվածք»:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ցեղասպանությունների, այդ թվում նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը սահմանում է մինչև մեկ տարի ազատազրկում և 45.000 եվրո տուգանք այդ փաստը հերքելու համար: Օրինագծի մշակման օրվանից թուրքական կողմը սովորության համաձայն ներկայացրեց իր սպառնալիքները և պահանջները՝ վստահեցնելով, որ օրենքի ընդունման դեպքում իրենց մի շարք պատժամիջոցներ կկիրառեն Ֆրանսիայի նկատմանբ, այդ թվում՝ կսառեցնեն բոլոր տեսակի դիվանագիտական հարաբերությունները, տնտեսական և ռազմական համագործակցությունը:

Ֆրանսիայում թուրքական լոբբինգի ինտենսիվ աշխատանքից հետո օրինագիծը բողոքարկվեց Սահմանադրական դատարանում, ինչը խանգարեց, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վավերացնի օրինագիծը: Սակայն նշենք, որ Ն.Սարկոզին բազմիցս հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հետևողական լինի այս օրինագծի ընդունման հարցում, և եթե նույնիսկ Սահմանադրական խորհուրդն այն անվավեր ճանաչի, ապա իր կուսակցությունը, կատարելով համապատասխան փոփոխությունները, հանդես կգա նոր օրինագծով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում