Միավորված աշխատանքային կուսակցությունը միացել է ԲՀԿ-ին
29/02/2012 17:23
Նմանատիպ
Այսօր Կառավարության նիստերի դահլիճում կայացել է «Միավորված աշխատանքային կուսակցության» համագումարը, որի ընթացքում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին միանում է «Բարգավաճ Հայաստան»-ին՝ վերջինիս հետ հանդես գալով ընդհանուր համամասնական ցուցակով:
«Վերջնական քննարկումների արդյունքում գտել ենք, որ ՄԱԿ-ի պատկերացրած արժեբարոյական համակարգը, սկզբունքները համահունչ են ԲՀԿ ծրագրերի ու մոտեցումների հետ: Ելնելով դրանից` իմ լավ ընկեր Գ.Ծառուկյանի հետ ավելի մանրամասն քննարկումներ ենք ունեցել ու ինձ համար կայացրել եմ որոշում: ՄԱԿ-ը պետք է միավորի ջանքերը ԲՀԿ-ի ջանքերի հետ ու ԱԺ ընտրություններին գնա միասնական ցուցակով»,- ասել է Գ. Արսենյանը:
Համագումարին նաև ներկա են եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, կուսակցականներից Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և այլոք:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին ասել է, որ երկու կուսակցությունները միասնական հանդես գալով կկարողանան կյանքի կոչել իրենց բոլոր նպատակները` ունենալով հզոր երկիր և զարգացող տնտեսություն:
«Դրա համար անհարժեշտ է կամք, համախմբում: Մենք կարող ենք միասնական մեր աշխատանքով իրականացնել այդ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններից է կախված, թե Հայաստանն ինչ տնտեսություն կունենա»,- ընդգծել է ԲՀԿ առաջնորդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում