Վարդան Պետրոսյանը` Առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկու
Նմանատիպ
Հայաստանի 1–ին խմբի առաջնության ավարտական տուրում չեմպիոնը’ «Ալաշկերտը», հյուրընկալվեց «Բանանց-2»-ին: Այս հանդիպման գլխավոր ինտրիգն առաջնության լավագույն ռմբարկուի հարցն էր: Բանն այն է, որ այս տուրից առաջ ալաշկերտցի Վարդան Պետրոսյանն արարատցի Նարեկ Պետրոսյանի հետ 14 գոլով գլխավորում էր առաջնության ռմբարկուների ցուցակը: Հարկավոր էր նոր գոլ հեղինակել’ առաջ անցնելու համար:
Ինչպես ցույց տվեց խաղի մեկնարկը, մարտունեցի ֆուտբոլիստը վճռականորեն էր տրամադրված’ գոլերի իր հաշվեցուցակը բարելավելու համար: Արդեն 3–րդ րոպեին Վարդան Պետրոսյանը կորցրեց գոլ խփելու լավ հնարավորությունը, սակայն 13–րդ րոպեին, այնուամենայնիվ, նա բացեց խաղի հաշիվը: Ընդմիջումից հետո ալաշկերտցի Միհրան Մանասյանը կրկնապատկեց հաշիվը’ խփելով առաջնությունում իր 12–րդ գոլը: Իսկ Վարդան Պետրոսյանն իր 15 գոլերով հռչակվեց 1–ին խմբի առաջնության լավագույն ռմբարկու, քանի որ նրան հետապնդող մյուս ֆուտբոլիստներն այս տուրում աչքի չընկան դիպուկությամբ: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում