Մամուլն այսօր. Մարտի 1-ը Վազգեն Սարգսյանը տոնում էր ձվով և թարխունով բրդուճ ուտելով, իսկ այսօր այն դարձել է նորագույն պատմության սև էջ
Նմանատիպ
Նախընտրական զարգացումներ.
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունանում մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների շրջանում: Բանն այն է, որ նախնական համաձայնություն կար, որ, անկախ տվյալ թեկնածուի կարողություններից, Գագիկ Ծառուկյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու իր թեկնածուներին: Օրինակ, Մասիսում սպասում էին, որ ԲՀԿ առաջնորդն անհրաժեշտ միջոցներ կհատկացնի պատգամավորության թեկնածուներ Տիգրան Ստեփանյանին և Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո), որպեսզի նրանք շտաբներ հիմնեն և սկսեն աշխատել: Սակայն մեծամասնական թեկնածուներն այս պահին ոչինչ չեն անում, նստած հետևում են, թե ինչպես են նախընտրական գործունեություն ծավալում ՀՀԿ-ականները: Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ում խնդիրներ կան, այդ թվում՝ ֆինանսական: Կամ էլ ԲՀԿ առաջնորդը հապաղում է Մասիսում նախընտրական գործունեություն ծավալել, քանի որ սա Հովիկ Աբրահամյանի մարզն է, որը նաև Ծառուկյանի խնամին է»:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, որ իրենց կուսակցությունը թեկնածուներ է առաջադրելու միայն այն ընտրատարածքներում, որտեղ ունի համապատասխան մարդիկ: Այս փաստն ուշագրավ է այն առումով որ վերջերս ԲՀԿ-ականները հայտարարեցին` Ծառուկյանը հանձնարարել է քննարկել բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հարցը, քանի որ իրենք մտադիր են նման քայլ անել: Սակայն, ինչպես թերթն արդեն տեղեկացրել էր, կոալիցիոն վերջին նիստում Սերժ Սարգսյանի հետ զրույցի արդյունքում Ծառուկյանը հետ է կանգնել այս մտադրությունից: Փաստորեն, հիմա արդեն նա բարձրաձայն խոստովանում է` կառաջադրվեն այնտեղ, որտեղ ունեն համապատասխան մարդիկ: Իսկ թե որ ընտրատարածքների մասին է խոսքը, նա չի մանրամասնել: Ներիշխանական խոսակցությունների համաձայն` Ծառուկյանին ասվել է, որ մեծամասնական ընտրակարգով յոթ-ութ տեղ են հատկացնում իրենց:
«Երկիր» օրաթերթը գրում է, որ վերջին օրերին վարչապետի ծավալած կամպանիան գերազանցել է աբսուրդի ժանրի բոլոր սահմանները: Մարզերում կազմակերպված հանդիպումները ՀՀԿ ակտիվիստների հետ ուղեկցվում են մեր տնտեսական «բարեփոխումների» մասին դասախոսություններով, վերջում էլ տրվում է պարտադիր hարցը` ի՞նչ առաջարկներ ունեք ՀՀԿ նախընտրական ծրագրում:
«Տպավորություն է, թե գործադիր իշխանության ղեկավարը ժամանակից շուտ կատարել է 2007թ. ՀՀԿ նախընտրական ծրագրի բոլոր կետերը, և հիմա նոր ծրագրի համար իդեաներ է փնտրում մարզերում: Արդեն գործում է Գյումրիի տեխնոպարկը, Դիլիջանը դարձել է տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, Եղվարդի ջրամբարի ափին գտնվող 5 աստղանի հյուրանոցային համալիրում ու Ջերմուկի առողջարաններում էլ գբոսաշրջիկներից տեղ ու դադար չկա: Տիգրան Սարգսյանն էլ«օպերատիվ» գբաղվում է բարձրացվող հարցերով կամ տարիներով լուծում չստացած խնդիրներով: Նա բոլորովին պատահական իմացավ, որ Քաջարան գյուղի հարցում իրեն սխալ տեղեկություններ են ներկայացվել ու… ձեռքը սեղանին խփեց: Իսկ Մաշտոցի պուրա՞կը: Իհարկե, բնապահպանների բողոքի մասին նա միայն տասը օր հետո իմացավ և խոստացավ տեղեկացնել նախագահին»,- նշում է թերթը:
Մարտի 1-յան հիշողություններ.
«Ժողովուրդ» թերթում կարդում ենք. «Երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանն ամեն տարի` մարտի 1-ին, գնում էր Աշտարակի ձոր` այնտեղ նշելու գարնան առաջին օրը: Ու թեև այսօր Վազգենը չկա, բայց նրա ընկերներից, թիմակիցներից ու զինակիցներից շատերը պահպանում են ձևավորված ավանդույթը: Այսօր Հայաստանի քաղաքական էլիտայի ամենատարբեր ներկայացուցիչներ Հայ ազգային կոնգրեսից, Հանրապետական կուսակցությունից, անգամ «Երկրապահ» կամավորների միության անդամներից շատերը (հավանաբար տարբեր ժամերի) կգնան Աշտարակի ձոր` Վազգենի հուշաքարի մոտ` ձվով ու թարխունով բրդուճ ուտելու: Այնտեղ կլինեն նաև Վազգենի ծնողները»:
«Հայկական ժամանակ» թերթի խմբագիրն անդրադառնում է մարտիմեկյան իրադարձություններին` մասնավորապես գրելով. «Այսօր Մարտի 1-ն է: Գրեցի` հետո տեսա, որ Մարտի 1-ը մեծատառ եմ գրել: Սա ինձ համար ռեֆլեքս է դարձել, կամ էլ` իրականության որոշակի ընկալում. Մարտի 1-ը գրել մեծատառ: Ժամանակ առ ժամանակ ինձ հիշում եմ այն պահին, երբ կոնսպիրատիվ ճանապարհներով եկա հասա «Կոնգրես» հյուրանոցի մոտ:
Մյասնիկյանի արձանի կողմը հայացք նետելով` այնտեղ շանս տեսա, պատմական հնարավորություն` հիմա և անդառնալիորեն փոխել Հայաստանը, դարձնել իրավատեր քաղաքացիների երկիր: Հարց` օգտագործվե՞ց այդ շանսը, թե` ոչ: Եվ բացառի՞կ էր այդ շանսը, թե` ոչ: Հասկանալի է, որ չօգտագործվեց, բայց Մարտի 1-ի նրբությունն այն է, որ այդ շանսը չսպառվեց այդ օրվա մեջ: Մարտի 1-ը մեծատառ եմ գրում, որովհետև հասկանում եմ, որ Մարտի 1-ով ինչ-որ բան ոչ թե ավարտվել է, այլ սկսվել: Շարադրության ոճով ասած` այդ օրը ոչ թե վերջակետ դրվեց, այլ կախման կետեր»:
Թերթը նաև տեղեկացնում է, որ Մարտի 1-ի զոհերի հարազատներից յոթը նամակով դիմել են եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների` նրանց ուշադրությունը հրավիրելով իրենց զավակների սպանության պարտակման և դրանում եվրակառույցների դերակատարման վրա:
Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ փաստացի ոչինչ չի արվում, և ՀՔԾ-ում գտնվող գործը, ըստ էության, կասեցված վիճակում է: «Այս մասին, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում հանրային աղմուկի տեղիք չտալու համար»,- հավելում է «ՀԺ»-ն:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն իր հերթին այսօրվա խմբագրականում գրել է. «Այսօր մարտի 1-ն է, որը այլ` սովորական պարագաներում դիտվում է որպես գարնան աոաջին օր, սակայն մեր` հայաստանցիներիս ընկալմամբ շարունակում է մնալ որպես մեր նորագույն պատմության սև էջ: Պատճառն, իհարկե, մարդկային 10 զոհերն են` հանգամանք, որը ոչ մի նորմալ մարդ չի մոռանա, եթե նույնիսկ իշխանությունը, ընդդիմությունը, Եվրոպայի խորհուրդը կամ ՄԱԿ-ը միաձայն պնդեն, թե այդ էջը շրջված է: Ցուցարարների և ուժայինների բախումներ տեղի են ունենում գրեթե բոլոր երկրներում [լինում են նաև զոհեր], բայց զարգացած պետություններում, երբ իրավիճակը հանդարտվում է, կատարվում է քննություն, որի արդյունքում պարզվում է, թե որ քաղաքացին ինչի հետևանքով է սպանվել, իրավաչա՞փ էին ուժայինների գործողությունները, թե՞ ոչ: Ոչ մի լրագրող, հրապարակախոս կամ քաղաքական գործիչ իրավասու չէ տալ այդ հարցի վերջնական պատասխանը՝ դա դատարանի խնդիրն է: Բայց մեզ մոտ նման դատավարություններ չեն եղել: Փոխարենը եղել են այլ դատավարություններ, որոնց արդյունքում պատժվել են, այսպես ասած, «անկարգությունների սադրիչները»: Սակայն պարզել, թե ով ինչ է սադրել, շատ ավելի բարդ է, քան քննել, թե ով ում է սպանել: Ես, օրինակ, հակված եմ մտածելու, որ պաշտոնական քարոզչությունը, «պատասխանատու» հեռուստաընկերությունները մինչև մարտի 1-ը նպաստել են անհանդուրժողականությանն ու փոխադարձ ատելությանը նույնքան, եթե ոչ ավելի շատ, քան ընդդիմությունը: Եվ երբ ընտրություններից հետո Ազատության հրապարակում սկսվեցին ընդդիմության խաղաղ ցույցերը, դարձյալ մինչև մարտի 1-ը, այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ սպառնում էր ընդդիմադիրներին դատերով և բանտերով, ինչը, համաձայնեք, նույնպես չէր նպաստում իրավիճակի լիցքաթափմանը: Այնպես որ` սադրելու հարցը ավելի շուտ քաղաքական է, քան իրավական:
Հենց այս՝ իրավական առումով «մարտի 1-ի» ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա, և այդ մեղքը ժառանգելու է ցանկացած նոր իշխանություն՝ այնքան ժամանակ, մինչև որ մարդասպանները չկանգնեն դատարանի առաջ: Ինչ մնում է սադրանքներին, անկարգություններին, թշնամանք հրահրելուն և այլն, այսինքն` քաղաքական, բարոյական խնդիրներին, ապա պատասխանատվությունն այստեղ 50/50 է. թե´ նրանց, ում դրոշին գրված է «ով մեզ հետ չէ, նա տականք է» բոլշևիկյան կարգախոսը, թե´ նրանց, ովքեր իրենց հեռուստաալիքներով ամիսներ շարունակ մաղձ էին թափում ընդդիմության վրա:
Դժվար չէ նկատել, որ այս՝ դարձյալ նախընտրական վիճակում մթնոլորտն էապես տարբեր է, և դա բոլոր քաղաքական ուժերի շնորհքն է: Չեմ ուզում չափից դուրս լավատես լինել, բայց կարծում եմ, որ 2012-13 թվականներին «մարտի 1» չի լինելու»:
Զարմանազան.
«Երկիր» օրաթերթը գրում է. «Մեկ ամսական 5 օրական էր մեր ուրախությունը, երբ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը այն համարեց հակասահմանադրական: Անկեղծ ուրախությունից Գյումրիում նույնիսկ նորածնին անվանեցին Ֆրանսիայի նախագահի ազգանունով: Աստված նրան երկար կյանք տա… գյումրեցի Սարկոզիին»: Թերթը նաև հաղորդում է, որ մեկ ամսական 5 օրական Սարկոզին բնականոն կերպով աճում, զարգանում, մեծանում է: Քաշը ավելացել է մոտ մեկ կիլոգրամով, մի քանի սանտիմետրով էլ հասակն է երկարել, մայրական կաթով է սնվում, հավելյալ սնունդ չեն տալիս գազեր չունի: «Երկիր»-ի հետ զրույցում երեխայի հայրը` Կարապետ Ավետիսյանը, պատմել է, որ գյուղում Սարկոզիին արդեն բոլորն են ճանաչում: Փաղաքշաբար էլ Սարկոզիին ասում են Սարկոզիկ:
«Հայացք» թերթի հաղորդմամբ՝ գյումրեցիներին զայրացրել ու վրդովեցրել է նախորդ տարեվերջին Գյումրիի կենտրոնական հրապարկից քիչ հեռու բացված «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: «Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրիի համար սա թերևս անթույլատրելի ճոխություն է»,- գրում է թերթը:
«Հայացք»-ի թղթակցի հետ զրույցում գյումրեցիները իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքապետի հյուրանոցի վերաբերյալ: Նրանց խոսքերով, նման օբյեկտի փոխարեն քաղաքապետը կարող էր մի քանի տասնյակ աղքատ ընտանիքների բնակարանային հարցերը լուծել: «Դրա ժամանա՞կ էր: Ինքը պիտի մարդկանց մասին մտածի, տուն կառուցի, մարդկանց տեղավորի: Մենք քաղաքապետ չունենք, ղեկավար չունենք: Շուն, գել իրա բնակիչներն ենք, մի օր, մի վայրկյան, թող գա ու տեսնի, թե ոնց ենք ապրում: Իմ, քո, մյուսների փողերով է սարքում նման օբյեկտը մեզ էլ սպանեք-թողեք»,- ասում են գյումրեցինը:
Թերթը նաև նշում է, որ Շիրակի մարզը հանրապետության ամենաաղքատ մարզն է և այնտեղ ընդհանուր առմամբ անօթևան է շուրջ 6500 ընտանիք: Պաշտոնական տվյալներով այստեղ աղքատ է բնակչության 47 տոկոսը, ծայրահեղ աղքատ` 5 տոկոսը:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ երաժիշտ, երգիչ Հայկոն վերջին շրջանում նոր նախագծեր չի ներկայացնում, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ նա պարապ նստած է: Երգիչն այս տարի կներկայացնի միանգամից երկու նոր ձայնասկավառակ` հայկական, երևանյան ռոմանսներով ու հեղինակային երգերով: Կատարվել է Հայկոյի մեծ ցանկությունը. նա երագում էր, որ իր երգերը մի օր հնչեն նվագախմբի ուղեկցությամբ: Հիմա երաժիշտը համագործակցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Շատ շուտով Հայկոն կնկարահանի նաև նոր տեսահոլովակ` «Թող հիշեմ» երգի հիման վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում