«Ռեալը» մնաց առանց տիտղոսների. «Ատլետիկոն»` Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)
Նմանատիպ
Իսպանական և առհասարակ ֆուտբոլի սիրահարներն այսօրվա խաղին երկար էին սպասել: «Սանտյագո Բեռնաբեուն» ընդունեց մադրիդյան դերբին. Արքայական գավաթը վիճարկում էին «Ռեալն» ու «Ատլետիկոն»:
Ինչպես և սպասվում էր` խաղը դինամիկ ու լարված էր հենց սկզբից: 14-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը: Ռոնալդուի գոլից հետո հակառակորդն անընդհատ գրոհում էր ու արդյունքում Դիեգո Լոպեսը տեղի տվեց 35-րդ րոպեին. խաղի հաշիվը հավասարեցրեց Դիեգո Կոստան: Հաշիվն առաջին խաղակեսում այլևս չփոխվեց:
Ընդմիջումից հետո դաշտում գերլարված պայքար էր: Ռոնալդուն լավ հնարավորություններ ունեցավ «Ատլետիկոյի» դարպասը գրավելու համար, սակայն կամ դարպասաձողն էր փրկում կամ դարպասապահը: Երկրորդ խաղակեսի միջնամասում մրցավարի հետ վիճաբանելու համար դաշտից հեռացվեց «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Թիմը պայքարը ստիպված էր շարունակել առանց մարզչի:
Խաղի հիմնական ժամանակահատվածում և մրցավարի ավելացրած 4 րոպեների ընթացքում հաշիվը չփոխվեց, և հերթը հասավ լրացուցիչ ժամանակին:
98-րդ րոպեին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Միրանդան դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Ավելացված ժամանակի երկրորդ 15 րոպեների վերջնամասում Կրիշտիանու Ռոնալդուն մրցակցին հարվածելու համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: Միջադեպը «Ռեալի» խաղացողներին վեճի առիթ տվեց: Թիմերի ներկայացուցիչները բախվեցին իրար:
Խառնաշփոթ իրավիճակը հաշվի մեջ նոր փոփոխություններ չառաջացրեց, և «Ատլետիկոն» նվաճեց Իսպանիայի գավաթը…«Ռեալն» այս մրցաշրջանում մնաց առանց տիտղոսների:
Մոուրինյոյի ժամանակաշրջանը, կարծես, վերջնականապես ավարտվեց…
Հետևեք մեզ նաև Telegram-ում