Պիերլուիջի Կոլինա. Մրցավար, ում համար յուրաքանչյուր խաղ եզրափակիչ էր
Նմանատիպ
Մրցավար, ում որոշումները անբեկանելի էին: Մրցավար, ում շատ քիչ ֆուտբոլիստներ էին «համարձակվում» հակառակվել: Մրցավար, ում գրեթե երբեք ոչ ոք չէր ասում’ «ծախված է»: Մրցավար! Allsport.am-ը Շաբաթվա դեմք խորագրում ներկայացնում է Պիերլուիջի Կոլինային:
Կոլինան ծնվել է 1960 թվականի փետրվարի 13-ին’ Բոլոնիայում: Հայրը եղել է զինվորական, մայրը’ ուսուցչուհի: Կոլինան կարիերան սկսել է որպես ֆուտբոլիստ Բոլոնիայի եկեղեցական ֆուտբոլային թիմում’ «Դոն Օրիոնում», 15 տարեկանում տեղափոխվել է «Պալավիչինի» ակումբ: Չունենալով ֆուտբոլիստի մեծ հաջողություններ’ 1977 թվականին մրցավարական դասընթացների է մասնակցում, իսկ 11 տարի անց սկսում է դատել C Սերիայի խաղերը: Ա Սերիա Պիերլուիջի Կոլինան տեղափոխվեց բավականին շուտ’ արդեն 1991 թվականին:
Նա աստիճանաբար մրցավարական բնագավառում դարձավ հեղինակություն. 1998 թվականին դատեց Օլիմպիական խաղերը, 1998-ին’ Աշխարհի առաջնությունը, 2000-ին’ Եվրոպայի առաջնությունը, 2002-ին’ կրկին Աշխարհի առաջնությունը (ներառյալ եզրափակիչը) և այսպես շարունակ… Կոլինան 6 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն մրցավար, իսկ 2012 թվականին նրան տրվեց վերջին 25 տարիների աշխարհի լավագույն մրցավարի կոչումը: Նշենք, որ 2010 թվականից Պիերլուիջի Կոլինան ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի ղեկավարն է:
Այժմ ներկայացնենք Կոլինայի կյանքի կաննոները…ամենադիպուկ արտահայտությունները:
Ավելի լավ է սեփական գործողությունները գնահատել ինքդ քո մեջ, քան բարձրաձայն: Ինձ համար կարևոր է հասկանալ այն, ինչ ինքս ճիշտ եմ արել: Իսկ ինչը ոչ, չեմ կարծում, թե կհետաքրքրի մյուսներին: Ես գնահատում եմ ինքս ինձ որևէ բան ուղղելու և ոչ թե անտեղի խոսակցությունները կոծկելու համար: Իդեալական խորհուրդ կոչվածը գոյություն չունի:
Յուրաքանչյուր խաղ եզրափակիչ է: Ամենակարևոր խաղին ես պատրաստվում եմ այնպես, ինչպես յուրաքանչյուր այլ խաղի: Հատուկ խաղեր չկան: Եթե թիմը խաղը հեշտ է համարում, ապա նրանք դժբախտ են. նրանք հաստատ կպարտվեն այդ խաղում:
Նախապատրաստություն: Դա առաջին հերթին բարոյական նախապատրաստություն է: Աշխարհի առանության եզրափակիչ Բրազիլիա-Գերմանիա խաղից առաջ ես իմ գործընկերների հետ երկու օր հանգստանում էի հյուրանոցում: Մենք դիտում էինք այդ թիմերի նախկին հանդիպումները և գրատախտակի վրա նշում նրանց առանձնահատկությունները: Դա շատ կարևոր նախապատրաստություն էր, քանի որ աշխարհի առաջնության եզրափակիչը բարձունք է ոչ միայն ֆուտբոլիստների, այլև մրցավարների համար:
Այո, մրցավարները ևս սխալվում են: Սակայն եթե դուք վստահ եք, որ ճիշտ մակարդակով եք նախապատրաստվել, բայց ամեն դեպքում սխալվել եք, դա նորմալ է: Դա միայն կօգնի հաջորդ խաղերը դատելու ժամանակ:
Ճնշումը Ձեր ընկերն է: Մրցավար աշխատելով’ ես հասկացա’ որքան կարևոր է ճնշման ներգործությամբ կարևոր որոշումներ կայացնել: Շատերի համար որոշումներ կայացնելը սթրես է, սակայն եթե դրան սովորում եք խաղադաշտում, ապա կյանքում շատ ավելի հեշտ կլինի: Դուք որոշումներ եք կայացնում և շարժվում առաջ:
Կարևոր չէ’ ինչպիսին են խաղի կանոնները: Ինչպիսին կան, այնպիսին են: Չէի ցանկանա փոխել և ոչ մի կանոն: Բախտս շատ է բերել, որ ստիպված չեմ ինքս հորինել դրանք. միայն կիրառում եմ, և դա լիովին բավարար է: Ինձ դուր է գալիս իմ դերը: Դա շատ բարդ ախատանք է, ավելին ինձ պետք էլ չէ:
Հնարավոր չէ ղեկավարել խաղը և միևնույն ժամանակ հաճույք ստանալ դրանից: Երբեմն ես չեմ հասցնում տեսնել’ ինչպես գոլ խփեցին, որովհետև խաղային այլ իրադրության եմ հետևում:
Լավագույն մրցավարը նա չէ, ում չեն նկատում, այլ նա, ում բնավորությունը թույլ է տալիս անգամ ամենաբարդ իրավիճակներում որոշումներ կայացնել:Որոշում կայացնելուց խուսափելն ավելի հեշտ է, քան այն կայացնելը: Բայց դու պարտավոր ես կայացնել այն և չվախենալ:
Անգամ ամենաինքնամփոփ մարդը կարող է բարկանալ (2002 թվականի հոկտեմբերին «Ֆուտբոլային Օսկարներ» իտալական հաղորդման ժամանակ Կոլինան ջարդեց ստացած պարգևը և հեռացավ տաղավարից, քանի որ հաղորդավարը կատակել էր նրա ճաղատության վերաբերյալ-allsport.am): Հիվանդությունը, որի պատճառով ես զրկվել եմ մազերից, ինձ չի հուզում: Սակայն կան հազարավոր երիտասարդներ ու երեխաներ, ովքեր ևս այս հիվանդությունն ունեն, և նրանց ծնողները ինձ’ որպես օրինակ ցույց տալով, փորձում են բացատրել, որ դա իրականում ողբերգություն չէ: Այդ երեխաները և երիտասարդները չպետք է լսեին նման խոսքեր..Չի կարելի այդպես չհարգել մարդկանց:
Արտաքինը շատ մեծ նշանակություն չունի: Ես հիվանդացա 24 տարեկանում և իմ բախտը բերեց, քանի որ այդ տարիքում մարդիկ արդեն ձևավորված են լինում: Այս տարիքում արդեն այնքան ծանր չեն ընդունում նման բաները: Ես լսել եմ, որ ահավոր տեսք ունեմ, սակայն դա ինձ չի հուզում: Դա չի ազդում այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում խաղադաշտում: Ձեր կինը կարծում է, թե ես սեքսուա՞լ եմ..նա պատահաբար ակնոցի կարիք չունի՞:
Ես երիտասարդ մրցավարներին կարող եմ երեք խորհուրդ տալ. Խաղին նախապատրաստվելիս ջանք մի խնայեք: Վարվեք տղամարդուն վայել ձևով և միշտ որոշում կայացրեք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում