Հայ շախմատիստները փայլուն արդյունքներ են ցուցադրում
02/03/2012 16:48
Նմանատիպ
Հայ շախմատիստները ներկայումս ընթացող մի շարք մրցաշարերում փայլում մասնակցություն են ունենում՝ ապացուցելով իրենց լավագույն լինելը:
Այդպես, ինչպես հաղորդում է «Armchess.am»-ը, գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ ընթանում է առաջին տեղում: Նույնքան են վաստակել նաեւ գրոսմայստերներ Թուֆիղին (Իրան) եւ Կորնեեւը (Ռուսաստան), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն ունի 1,5 միավոր:
B մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը եւ Մարիա Գեւորգյանը 3-ական միավորով առաջատարների մեջ են:
Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը չորս այլ մասնակիցների հետ առաջատարից ետ է մնում կես միավորով: Գեւորգ Հարությունյանը վաստակել է 5 միավոր:
Դավիթ Հարությունյանը գերազանց է խաղացել նաեւ Ռոշֆորում արդեն ավարտված կայծակնային մրցաշարում: Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր եւ 48 մասնակիցների մեջ նվաճել է առաջին մրցանակը:
Գեւորգ Հարությունյանը 8 միավորով գրավել է 3-րդ, իսկ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 7 միավորով` 8-րդ տեղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում