Ս.Շաքարյանց. Հայաստանի համար շատ ավելի կարևոր է իրանական հարցը

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը խոսել է Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական վերջին գործընթացներից, ինչպես նաև տարածրջանային զարգացումներից:

Քաղաքագետի կարծիքով՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ Հայոց ցեղասպանության օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու որոշումը միանգամայն սպասելի էր: Ըստ նրա՝ Ն.Սարկոզին օգտագործեց հայկական օրինագիծը, որպեսզի նախընտրական շրջանում իր վրա ուշադրություն գրավի:

«Ֆրանսիայում կայանալիք ընտրությունների համար հայկական ձայները շատ կարևոր են, քանի որ ֆրանսահայ համայնքը  շատ ավելի ազդեցիկ է, քան հայկական մյուս համայնքերը: Ֆրանսիական վարքագծից մենք բարոյապես տուժեցինք, մենք հարված ստացանք, որը հիմա Անկարայում և Բաքվում ներկայացվում է որպես հայերի և հայ համայնքի պարտություն»,-նկատել է բանախոսը:

Ս.Շաքարյանցն ընդգծել է, որ Հայաստանի համար շատ ավելի կարևոր է իրանական հարցը, քանի որ Իրանի խնդիրը  ուղղակիորեն կարող է անդրադառնալ  մեր կյանքի, տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև մեր ազգային անվտանգության շահերի վրա:

«Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները շարունակ վատթարանում են: Դա նույնպես  կապված է Իրանի միջուկային խնդրի հետ: Ադրբեջանը զենք կստանա Իսրայելի կողմից և հնարավոր չէ կանխատեսել, թե ում դեմ կկիրառի»,- նշել է քաղաքագետը:

Բանախոսը նաև մեկնաբանել է երեկ կայացած ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետևյալ հայտարարությունը. «Որքան էլ բռնապետությունը երկարաձգվի, սեփական ժողովրդի արյունը թափած ոճրագործները երբ էլ լինի, կանգնելու են արդար դատաստանի առջև»:

«Ես կցանկանայի հիշեցնել Լևոն Տեր-Պետրոսյանին, որ ինքն է Հայաստանում առաջին Քադաֆին: Դեռևս այն ժամանակ (1998 թ.) շատերը ցանկանում էին դատարանի առաջ կանգնեցնել Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն լուսահոգի Վ. Սարգսյանի ջանքերով, դա տեղի չունեցավ»,- նշել է Ս.Շաքարյանցը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում