Մամուլն այսօր. Լրագրողի՝ պատգամավոր դառնալու երազանքը կարծես թե կկատարվի

Ընտրություններ.

«Ժամանակը» ներկայացրել է հարցազրույց լրագրող Մարգարիտ Եսայանի հետ, ով մասնավորաբար պատասխանելով իր` ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին խոսակցությունների վերաբերյալ հարցին` նշել է. «Ես ոչ թե հայտ եմ ներկայացրել, այլ ցանկություն եմ հայտնել: …2007 թվականին էլ էր իմ անունը շրջանառվում, և այսօր է շրջանառվում: Պարզապես այս անգամ ես չեմ թաքցնում իմ ցանկությունը: Այս անգամ երկու կողմից համընկան ցանկությունները»:

«Հրապարակն» էլ այս առիթով գրել է, որ Մարգարիտ Եսայանի անունը գրվելու է ՀՀԿ ցուցակի 47-48-րդ տեղերում: «Սա ցանկացած այլ կուսակցության դեպքում կարող էր դիտվել որպես պարտություն, սակայն, ՀՀԿի դեպքում սա անցողիկ պատվավոր տեղ է, և կարելի է ասել, որ մեր գործընկերն արդեն տեղ ունի խորհրդարանում»,- նշում է թերթը:

«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ ՀՀԿ գոյություն չունեցող շտաբի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը շարունակում է չմասնակցել Աժ նիստերին: Այս նստաշրջանին Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել: Ի դեպ, ՀՀԿ գործկոմի նիստը, որը, հանրապետականների խոսքով, ընտրացուցակների առումով վճռական է լինելու, կայանալու է հաջորդ շաբաթ` կանանց տոների օրերին:

«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` գործարար Սիլվա Համբարձումյանը որոշել է ոչ մի կուսակցության չանդամակցել միչև ընտրությունների օրը: Նա փոխել է մարտավարությունը: Որոշել է այնպես անել, որ մեծամասնականով առաջադրվելուց և հաղթելուց հետո, կուսակցություններն իրենք առաջարկություն անեն իրեն:

«Նշենք, որ ՀՀԿ-ին անդամակցելու փորձից հետո նա աշխատել է նաև մտնել ԲՀԿ, սակայն այստեղ էլ նրան «չուզողներ» կան: Կարծես թե գործարար կնոջ քաղաքական գործերը շատ խառն են: Հիշեցնենք, որ մեծ քաղաքականություն մտնելու և որևէ կուսակցության անդամակցելու որոշումը նա պետք է հայտարարեր դեռ փետրվարի 10-ի մամլո ասուլիսի ժամանակ, սակայն հետո հայտարարվեց, թե մամլո ասուլիսը լինելու է այս շաբաթ, բայց այս շաբաթն էլ ավարտվեց, սակայն Աիլվան չխոսեց»,- հիշեցնում է թերթը:

«Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը երեկ «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է, որ իրենց կուսակցությունը «Ժառանգության» հետ նախընտրական դաշինք է կազմելու և ոչ թե մտնելու է «Ժառանգության» ցուցակ:

Նրա հավաստմամբ` նախընտրական դաշինքի ձևավորման մասին կհայտարարվի մարտի 11-ին` «Ազատ դեմոկրատներ»-ի համագումարում: Իսկ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ վերջնական որոշումներ դեռևս չկան: Նա ասել է միայն, որ ներկա դրությամբ կա գործընթաց, որը շարունակվում է:

«168 ժամ» թերթն անդրադառնում է մարտի 4-ին ՌԴ-ում սպասվող ընտրություններին` գրելով. «Վաղը մեր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի Դաշնությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնցում, բնականաբար, հաղթելու է գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այդ ընտրություններին սրտատրոփ հետևելու են ոչ միայն ռուսական, այլև հայաստանյան շատ որոշակի շրջանակների ներկայացուցիչներ: Հայաստանի քաղաքական դաշտի զգալի մասը` և իշխանության, և ընդդիմության դաշտում, ինչպես հայտնի է` իրենց ապագան կապում են Ռուսաստանի և այդ երկրում տիրող «կայունության հետ», հայաստանյան ներքաղաքական դաշտի զարգացումները կանխատեսում են` հաշվի առնելով այդ երկրի ղեկավարների դեմքի արտահայտությունը կամ որևէ չինովնիկի հետ մեր որևէ կարկառուն ընդդիմադիրի հանդիպումը: Ահա այս բոլոր ուժերը վաղը շունչները պահած հետևելու են, որ Վլադիմիր Վլաղիմիրովիչը հնարավորինս անաղմուկ դառնա Ռուսաստանի առնվազն առաջիկա 8 տարիների նախագահը: Կամ ցարը` ինչպես կարծում են շատերը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Հայաստանում: Կապ չունի, որ դրա արդյունքում` Հայաստանի ֆորպոստացումը կարող է անդառնալիորեն խորանալ` երկիրը դառնա պուտինյան որևէ հավակնության պլացդարմ: Կարևորը, եթե Պուտինը կարողանա առանց մեծ բարդությունների դառնալ նախագահ, ավելի շատ ժամանակ կունենա զբաղվելու Հայաստանով, և մեր շատ իշխանամետների և ընդդիմադիրների ներհայաստանյան սցենարը կիրականանա: Այս ամենի մեջ կա միայն մեկ հուսադրող հանգամանք: Որքան էլ անխուսափելի Է Պուտինի «ընտրությունը», այդուհանդերձ, Պուտինը չի լինելու այն Ռուսաստանի նախագահը, որպիսին էր այդ երկիրը մեկ տարի, նույնիսկ մի քանի ամիս առաջ: Ավելի քան տասնամյա թմբիրից արթնացած ռուս հասարակությունը մի քանի ամսվա մեջ ակնհայտորեն փոխվել է և այլևս չի հանդուրժելու այն, ինչը, ամենայն հավանականությամբ, ուրվագծված էր Պուտինի պլաններում: Ռուսաստանում և Հայաստանում կատարվող գործընթացների միջև համեմատություններ անցկացնելը տեղին չէ բազմաթիվ պատճառներով: Սակայն երկու երկրներում տեղի ունեցող իրադարձությունները որոշակիորեն համընկնում են ժամանակագրական առումով: Ռուսաստանում քաղաքական և քաղաքացիական կտրուկ փոփոխությունները հաջորդեցին անցած տարվա դեկտեմբերին կայացած Պետդումայի ընտրությունների` զգալիորեն խառնելով նախագահական ընտրությունների հետ կապված` իշխանությունների, այսինքն` Պուտինի հաշվարկները: Ժամանակային մի փոքր տարբերությամբ, նույն իրավիճակն է նաև Հայաստանում, մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մոտ 9 ամիս անց կայանալու են նախագահական ընտրությունները: Ի տարբերություն.Ռուսաստանի, Հայաստանում գործում են առնվազն մի քանի ընդդիմադիր ուժեր, որոնք արդեն հայտարարել են խորհրդարանական ընտրությունները որպես նախագահական ընտրությունների մեկնարկ համարելու մասին: Այլ հարց է, որ այդ ուժերի մի մասի հնարավորությունները ևս կախված են Պուտինի վաղվա «հաղթանակից»: Իսկ Հայաստանի հասարակությանը մնում է միայն առաջիկա և´ խորհրդարանական, և´ նախագահական ընտրություններում պայքարել ընդդեմ «Պուտինին սպասող» ուժերի»:

Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տապալումից հետո.

«Ժողովուրդ»-ը գրում է, որ պալատական երգչախմբի անդամները հայտնվել են «սգի մեջ»: Թերթի` իշխանական վերնախավին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` այն բանից հետո, երբ Ֆրանսիայի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Երևանում նախատեսված է եղել համերգների շարք` ի պատիվ Նիկոլա Սարկոզիի: Եվ Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավին զուգահեռ, այդ համերգները պետք է տեղի ունենային նաև Հայաստանում: Բայց քանի որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը, բոլոր համերգները չեղյալ են հայտարարվել: «Կներեք, բայց այդպես ստացվեց: Համենայն դեպս, մենք չենք մեղավորը»,- ահա այսպիսի ձևակերպմամբ միջոցառման կազմակերպիչները երգիչ-երգչուհիներին բացատրել են, որ «աստղային» վարձատրությունը կստանան ավելի ուշ` ՀՀԿ-ի նախընտրական համերգների ժամանակ:

Անդրադառնալով թեմային՝ «Առավոտ»-ը գրում է, որ այս նախաձեռնությունը` պատժել ցեղասպանությունների մերժումը, դեռ շարունակություն կունենա` գուցե այլ դրսևորումներով: «Հայկական հարցը վերադարձվում է եվրոպական քաղաքականության երկարաժամկետ քննարկումների օրակարգ և ժամանակ առ ժամանակ երևան կհանվի ըստ անհրաժեշտության` տարբեր ձևակերպումներով ու առիթներով, տարբեր հարթակներում ու փաթեթներում: Մի բան ակնհայտ է` ՍԽ որոշմամբ գործընթացը չի ավարտվում: Ընդամենը մեկ ամսից պարզ է լինելու` Սարոկզին մնո՞ւմ է իշխանության, թե՞ ոչ, իսկ այս էապես կարճ ժամանակահատվածում պայքարը ձայների համար, բնականաբար, թեժանալու է: Տեղի ուենալիքը ցույց կտա Սարկոզիի իրական մտադրությունը` ՍԽ որոշմանը հետևելիք գործընթացը կզարգանա՞ նաև հանուն իրավական արդյունքի, թե՞ դրանից կփորձեն միայն հաճույք ու ձայներ ստանալ»,- գրում է թերթը:

Զարմանազան.

«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ աշխատակազմի կին ներկայացուցիչներն սրտի թրթիռով են սպասում Մարտի 8-ին՝ քննարկելով հարցը, թե Աժ նախագահ Սամվել Նիկոյանն այդ տոնի առթիվ պարգևավճար տալո՞ւ է, թե՞ ոչ: Հովիկ Աբրահամյաեն իր պաշտոնավարման 3 տարիների ընթացքում նման ավանդույթ է ձևավորել, և կանայք հույս ունեն, որ այն չի խախտվի: Աբրահամյանը պարգևավճար էր տալիս 11 կին պատգամավորներին` 200 հազարական դրամի չափով:

«Երկիր» օրաթերթի փոխանցմամբ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում բենզինի մանրածախ գինը երկու անգամ բարձրացել է:

«
Արդեն երեկ բենզալցակայաններում մեկ լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր 470, իսկ «պրեմիումը»` 490 դրամով: Այս թանկացումները ներմուծող կազմակերպությունները պայմանավորում են բենզինի միջազգային գների բարձրացմամբ: Մասնավորապես, ըստ «Ֆլեշ» ընկերության տնօրեն Մուշեղ էլչյանի, բենզինի միջազգային գները վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացել են շուրջ 20 տոկոսով: Այնուամենայնիվ, միջազգային շուկայում բենզինի գների վերջին օրերի` թեկուզ փոքրինչ «հետվերադարձի» (1-2 տոկոսով նվազման) ֆոնին մանրածախ գների երեկվա բարձրացումը այնքան էլ հասկանալի չի թվում, առավել ևս, որ ներմուծողներն առաջիկայում կարծես թե նոր թանկւսցումներ չեն կանխատեսում: Այս ամենով հանդերձ «Ֆլեշի» տնօրենը չի բացառել, որ առաջիկայում հնարավոր է նաև դիզվառելիքի մանրածախ գների բարձրացում»,- գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածու: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար հենց այդքան մարդ է դիմում ներկայացրել քաղծառյության խորհուրդ: Թե ովքեր են նշված պաշտոնի հավակնորդները, ՔԾԽից չէին հայտնել` պատճառաբանելով թեկնածուների նկատմամբ հնարավոր ինչինչ ճնշումները: Մենք, սակայն, գրել էինք, որ ըստ որոշ տեղեկությունների, դիմում ներկայացնողներից մեկը Սերգո Երիցյանն է: Ինչպես հայտնի է, նա 2010 թվականից ղեկավարում է Լեզվի պետական տեսչությունը` պետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: Եվ ահա երեկ տեղեկացանք, որ երկրորդ թեկնածուն նույն տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանն է: Մեր զրույցում տիկին Հովյանը հաստատեց այս տեղեկությունը և նշեց, որ մրցույթում հաղթելու իր շանսերը լավ է գնահատում: Իսկ ահա Սերգո Երիցյսնից դարձյալ չհաջողվեց հաստատում կամ հերքում ստանալ իր հնարավոր մասնակցության վերաբերյալ: Երեկ էլ, ինչպես արդեն որերորդ անգամ, լսելով, որ իրեն դիմողը «Հայկական ժամանակից» է, նա առաջարկեց զանգահարել ավելի ուշ և այլևս չպատասխանեց հեռախոսազանգին: Հավելեմ, որ ըստ որոշ լուրերի, սակայն, Սերգո Երիցյանին գործազուրկ դառնալու վտանգ է սպառնում: Այդպիսի նպատակ, ըստ նույն լուրերի, ունի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթը կկայանա մարտի 13-ին»: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում