Քննարկումներ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ. ՄԱԳԱՏԷ-ն, ԱՄՆ-ը, Իսրայելը և Թուրքիան վարկածներ են մշակում
Նմանատիպ
Այսօր Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԳԱՏԷ) հավաք կունենա Վիեննայում, որտեղ կքննարկվի կազմակերպության վերջին այցելությունը Իրան: Այս մասին հաղորդում է «BBC» գործակալությունը:
Արևմուտքի կողմից Իրանի հասցեին անդադար տեղացող մեղադրանքները շարունակվում են՝ չնայած իրանական կողմի հավաստիացմանը, թե իր միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ նպատակներ ունեն:
Իրանական աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներում այցելելու է Իրան: Այս այցը նույնպես կվերաբերի Իրանի միջուկայինծրագրերին: Այն տեղի կունենա Միջուկային անվտանգությանը նվիրված գիտաժողովից հետո, որն էլ կկայանա Հարավային կորեայի Սեուլ քաղաքում, մարտի 26-27-ին ու կտևեն երկու օր:
Գիտաժողովի ժամանակ նախատեսվում է, որ թուրք վարչապետը կառաջարկի բանակցություններ տանել «վեց» երկրների և Իրանի միջև Ստամբուլում: Համաձայնության դեպքում կողմերի միջև հանդիպումը կկայանա այս տարվա ապրիլին: Էրդողանն այդ դեպքում կոնֆերանսի մանրամասները կներկայացնի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին իրենց հանդիպման ժամանակ:
Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները քննարկել են նաև իսրայելցի պաշտոնյաները ԱՄՆ-ում նախագահ Բարակ Օբամայի հետ հանդիպման ժամանակ:
Ելույթ ունենալով Ամերիկա-իսրայելական հանրային գործերի կոմիտեի առջև՝ Բ.Օբաման ասել է. «Իրանի ղեկավարները պետք է իմանան, որ ես դիմակայման քաղաքականություն չունեմ, այլ նպատակ ունեմ կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը»,- գրում է «Ynetnews.com»-ը:
«Ես չեմ վարանի ուժ կիրառել Իրանի նկատմամբ, եթե անհրաժեշտություն լինի պաշտպանել ԱՄՆ-ը և նրա շահերը»,- հավելել է Բ.Օբաման:
Հիշեցնենք, որ Արևմուտքն ի վերջո որոշում կայացրեց տնտեսական խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ՝ մինչև հուլիս 1-ն ընկած ժամանակահատվածը սառեցնելով ԵՄ անդամ բոլոր երկրների նավթային պայմանագրերն Իրանի հետ: Այս քայլին ի պատասխան Իրանը հայտարարեց,որ դրանից առավել կտուժեն հենց ԵՄ երկրները և խոստացավ նավթի մատակարարումը դադարեցնել ավելի վաղ ժամկետներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում