Վրաստանում կայացել է համերգ՝ «Ռոքն ընդդեմ բռնության» խորագրով
Նմանատիպ
Մարտի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ՝ «Ռոքն ընդդեմ բռնության» խորագրով:
Միջոցառմանը հրավիրված են եղել դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, Վրաստանի մշակութային և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Դեսպանն իր խոսքում, դատապարտելով բռնություն և ագրեսիա պարունակող բոլոր երևույթները, մասնավորապես, նշել է. «Մենք այս օրերին հիշում ենք ցավալի իրադարձությունները, որոնք կատարվեցին նախորդ դարավերջին, սովետական կայսրության փլուզման նախաշեմին և դրանից հետո: Մասնավորապես, այն ողբերգությունները, որոնք տեղի ունեցան Սումգայիթում, Բաքվում, ղարաբաղյան պատերազմի ընթացքում»: ՀՀ դեսպանն իր խոսքի վերջում, արձանագրելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` հույս է հայտնել, որ Հարավային Կովկասի ժողովուրդներին կհաջողվի ստեղծել խաղաղ և բարգավաճող տարածաշրջան:
Միջոցառման ավարտին համերգի մասնակիցները համերաշխության օդապարիկներ են արձակել գիշերային Թբիլիսիի երկնքում:
Համերգի ընթացքում դեսպան Հովհաննես Մանուկյանը հարցազրույց է տվել Վրաստանի ռուսալեզու «Պիկ» հեռուստաընկերությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում