Քաղաքագետ. Լեզգիների համար Արցախն ընկալվում է որպես ազատության համար պայքարի խորհրդանիշ
Նմանատիպ
Այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն խոսել է Ադրբեջանում ներքին խռովությունների պատճառներից՝ անդրադառնալով դրանց զարգացման հնարավոր հետևանքներին, ինչպես նաև դրանց հնարավոր ազդեցությանը Արցախյան հակամարտության և ադրբեջանա – հայկական հարաբերությունների վրա:
Քաղաքագետը նշել է, որ այժմ Ադրբեջանի բնիկ ժողովուրդները, որոնց թվում նաև լեզգիները, գտնվում են այնպիսի վիճակում, ինչպսին 1980-ականների վերջին արցախահայության վիճակն էր:
Անդրադառնալով վերջին օրերին՝ մեծամասամբ լեզգիներով բնակեցված ադրբեջանական Գուբա քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ Հ.Մելիք-Շահնազարյանը համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Բաքվի քաղաքականությունը նպատակ ունի ձուլել փոքրամասնություն կազմող բնիկ ժողովուրդներին՝ ոտնահարելով վերջիններիս ազգային արժանապատվությունը:
«Ադրբեջանի պաշտոնական քաղաքական գործելաոճում անքակտելի մաս է կազմում բնիկ ժողովուրդներին վիրավորելը, նսեմացնելը: Մինչ 88 թվականը նույն վիճակում էր գտնվում նաև արցախահայությունը, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում էր հայերին զրկելու թե կրթությունը, թե ազգային մշակույթը զարգացնելու հնարավորությունից: Իսկ լեզգիների համար Արցախն ընկալվում է որպես ազատության համար պայքարի խորհրդանիշ և եթե Արցախի հայությունը կարողացավ հասնել անկախության, ապա նրանք նույնպես կարող են: Մենք էլ, շրջապատված լինելով հիմնականում թշնամական երկրներով, նրանց ընկալում ենք իբրև քաղաքական գործոն»,- ընդգծել է բանախոսը:
Քաղաքագետը նաև տեղեկացրել է, որ լեզգին ակտիվիստները համացանցում տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե ոստիկանությունն արդեն իսկ փնտրում է հանրահավաքը հրահրողներին. «Ադրբեջանական քարոզչամեքենան այս ամենը կապում է սոցիալական վիճակի հետ՝ փորձելով քողարկել բնիկ ժողովուրդների՝ սեփական իրավունքների համար մղվող պայքարը»,- նշել է Հ. Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա՝ ուրախալի է այն հանգամանքը, որ վերջին շրջանում տեղեկատվական համակարգում Ադրբեջանի բնիկ ժողովուրդների խնդիրներն արդեն լուսաբանվում և բարձրաձայնվում են: Քաղաքագետը նաև նկատել է, որ այն ամենն, ինչ տեղի ունեցավ Գուբա քաղաքում, կապ չունի արաբական գարնան հետ. այստեղ խնդիրն ազգային է:
«Ադրբեջանի իշխանությունները նահանջողական դիրքեր կզբաղեցնեն մինչև պարզեն, թե ովքեր են կազմակերպիչները: Արդեն իսկ իրավիճակը չսրելու համար Ադրբեջանն ազատ արձակեց 22 ձերբակալվածներին : Կարծում եմ, որ Ադրբեջանն այնքան էլ խելացի չէ, որ նոր հեծանիվ ստեղծի` ճնշումը կիրականացնի ավանդական եղանակով»,- ասել է քաղաքագետը:
Հ.Մելիք-Շահնազարյանը նաև կարծիք է արտահայտել, որ առաջիկայում իրավիճակն ավելի է սրվելու, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանության վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում