Ռ.Շառոյան. «Վազգենի թողած հոգևոր ժառանգությունը պետք է փոխանցենք մեր սերունդերին»

«Վճռական, անմիջական և ուղղամիտ մարդ էր, ուներ զգայուն հոգի», «Ուժեղ էր, ժպտերես, բայց միաժամանակ փխրուն մարդ էր»: Այս կերպ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Վազգեն Սարգսյանի գրչակից ընկերներ, գրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը փորձել են բնորոշել իրենց ընկերոջը:

«Նրա գրչի ուժը առաջին անգամ հասկացա նրա «Քարի մեջ արյուն կա» հոդվածով: Ինձ թվում էր, նա Ջավախքից է, որովհետև շատ լավ ու ճիշտ էր բնութագրել այն, բայց երբ իմացա, որ այնտեղ եղել է ընդամենը 3 օր, այդ ժամանակ հասկացա նրա գրչի ուժը: Առ այսօր էլ այդ հոդվածին համարժեք հոդված չկա: Ցավոք, նա քիչ բան ստեղծեց, բայց սեթևեթող գրող չէր, ասում էր այն, ինչ պետք է ասեր: Սուր, թիրախին հարվածող հրապարակախոս էր. ինչի մասին էլ գրեր, ինչին էլ արնդարառնար, անզիջում վերաբերմուքն ուներ և չէր խնայում արատը»,- Վ.Սարգսյանի գրելու տաղանդի մասին պատմել է Կ.Խոդիկյանը:

Դրամատուրգը նաև հիշել է, որ Սպարապետն ուներ մաքուր, պարզ աչքեր ու բարձր ծիծաղ, որի նման ոչ ոք չունի «Պատերազմի ժամանակ Վազգենը շատ ուշ-ուշ էր գալիս, ու դրանից հետո տոն էր, աշխատանքը կանգնում էր: Գալիս, նստում էր, ու մի քանի րոպեից պատերազմի շերտերը վրայից գնում էին, ու նորից մեր Վազգենին էինք տեսնում: Նրա ծիծաղը չորրորդ հարկից լսվում էր առաջին հարկում»:

Կ.Խոդիկյանը նաև անդրադարձել է իր հարցազրույցին, որ ժամանակին զրուցել է Վազգեն Սարգսյանի հետ՝ արդեն որպես Պաշտպանության նախարար: «Ինչին եք կարոտում` իմ հարցին պատասխանեց. «Մեր տանը մի խուց ունեի՝ դրան, Արարատի մոծակներին, մեր ֆուտբոլի հավաքականին, երբ խաղից հետո ջրի խողովակ կար, դրա տակ լողանում էինք. երանություն էր։ Եղբորս տղային, ում շատ եմ սիրում»,- հիշել է գրողը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք սպարապետը սիրած աղջիկ ուներ, Կ.Խոդիկյանը ներկայացրել է իր իսկ հարցին տված Վազգեն Սարգսյանի պատասխանով: «Անձնական կյանք, միագամից ասեմ, որ չկա, եղածը փախցրած բաներ են, որոնք ես չեմ սիրում»:

 «Վ. Սարգսյանի մահվանից հետո զանգեցին ու իմ կարծիքը հարցրեցին նրա մասին: Ես ասացի, այսօր երդվում են Վազգենի անունով, նրան սրբացնում են, մի քանի ժամանակ անց կփորձեն խաթարել նրա հիշատակը, բայց, միևնույն է, գալու է Վազգենի ժամանակը, և հայ ժողովուրդը հասկանալու է, որ ունեցել է իր գրողը, մարտիկը: Այդ ժամանակը նաև այսօր չի եկել, բայց տա Ասված, որ ես դա ձեր հետ միասին տեսնեմ»,- նշել է Կ.Խոդիկյանը՝ հավելելով, որ այն ժամանակ իր կողմից ասված այդ միտքը մարգարեական էր:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի ցանկանում Վ. Սարգսյանի մասին գրել, Կ. Խոդիկյանն ասել է, որ Վազգենն այնպիսի անհատականություն էր, որ «շատ մեծ գրիչ պետք է ունենաս նրա մասին բան գրելու համար. իր մասին գրելու համար դեռևս գրիչս չի զորում»:

Ռ. Շառոյանն իր հերթին նշել է. «Դա թողնենք ավելի տաղանդավոր ու մեր անվանի գրողներին»:

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրենը միաժամանակ շեշտել է, որ մենք այժմ բարոյական պարտք ունենք` ժամանակակից սերնդին ծանոթացնելու Վ.Սարգսյանի ստեղծագործություններին:

«Վազգենի թողած հոգևոր ժառանգությունը պետք է փոխանցենք մեր սերունդերին»,- ընդգծել է Ռ.Շառոյանը՝ ցավով նկատելով, որ այսօր երիտասարդությունը ծանոթ չէ Վազգեն Սարգսյան գրողի գործերին։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում