ՀՖՖ աշխատակազմը` ակադեմիական նոր որակավորմամբ

ՀՖՖ աշխատակազմը` ակադեմիական նոր որակավորմամբ

Եվրոպական ֆուտբոլի պրոֆեսիոնալ կառավարմանը նպաստելը միշտ էլ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի կարևորագույն խնդիրներից մեկը: Այդ նպատակով Լոզանի համալսարանին կից գործող Հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի (IDHEAP) հետ համատեղ ՈՒԵՖԱ-ն մշակեց կրթական ծրագրեր ազգային ասոցիացիաների պահանջներին համաձայն: Այդ ծրագրերն ուղղված են ֆուտբոլային ազգային ասոցիացիաների աշխատակազմերի՝ արդեն իսկ ձեռք բերված գործնական գիտելիքները ամրապնդելուն եւ կազմավորելուն, ինչպես նաև կատարած աշխատանքի ակադեմիական ճանաչում ստանալուն’ վկայականների, դիպլոմների և մագիստրոսի աստիճանի տեսքով:
ՈՒԵՖԱ-ի ակադեմիական ծրագրի առաջին աստիճանը՝ Ֆուտբոլի կառավարման հավաստագիր ծրագիրը (UEFA CFM), պաշտոնապես մեկնարկեց 2010 թվականին: Ծրագիրը ներառում է ազգային ասոցիացիայի կառավարման հիմնական ոլորտները’ ֆուտբոլի կազմակերպում, ռազմավարական կառավարում և արդյունավետության վերահսկում, օպերատիվ կառավարում, միջոցառման կառավարում, մարկետինգ եւ հովանավորչություն, ներքին եւ արտաքին հաղորդակցություն: Բոլոր 53 ասոցիացիաներից ստացված բազմաթիվ դիմումների քննության արդյունքում (յուրաքանչյուր ասոցիացիա կարող էր ներկայացնել առավելագույնը 2 թեկնածու) ՈՒԵՖԱ-ն և IDHEAP-ը 2013 թ. թողարկման համար ընտրեցին 34 մասնակից: ՈՒԵՖԱ-ի CFM ծրագրի երրորդ թողարկմանը Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի մենեջեր Դավիթ Ավանեսյանը և ՀՖՖ Միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը, որոնք հաջողությամբ հանձնեցին քննություններն ու պարգևատրվեցին ակադեմիական հավաստագրերով:
ՈՒԵՖԱ-ի կրթական ծրագրի երկրորդ աստիճանը Ֆուտբոլի կառավարման դիպլոմ ծրագիրը (UEFA DFM), պաշտոնապես մեկնարկեց 2011 թ. սեպտեմբերին: Այս ութամսյա ծրագրի նպատակն է աջակցել անդամ ասոցիացիաների մենեջերներին ֆուտբոլի օպերատիվ կառավարման ոլորտում առավել մասնագիտանալու հարցում: Այն ներառում է ազգային ասոցիացիաների օպերատիվ կառավարման հետևյալ հիմնական ոլորտները’ մարզադաշտերի կառավարում, մարկետինգային գործունեության կազմակերպում, հասարակության հետ կապեր եւ մեդիա, կամավոր աշխատանքների կազմակերպում (volunteering): Ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում մեկ ներածական օնլայն մոդուլ, երեք սեմինար-հանդիպում, եվրոպական հայտնի մարզադաշտերից մեկում ֆուտբոլային միջոցառման կազմակերպման սիմուլյացիա և չորս չորսշաբաթյա ուսուցողական օնլայն մոդուլներ, որոնք պատրաստվել են գիտական փորձագետների կողմից ՈՒԵՖԱ-ի պրակտիկ մասնագետների հետ համատեղ: Ծրագրի բոլոր նշված փուլերը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կարող են մասնակցել ավարտական քննությանը, որը հնարավորություն կընձեռի արժանանալու IDHEAP-ի կողմից շնորհվող ֆուտբոլի կառավարման դիպլոմին: ՈՒԵՖԱ-ի կառավարման դիպլոմ ծրագրի 2013թ. թողարկմանը (UEFA DFM) մասնակցում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, ով ևս հաջողությամբ հանձնեց քննությունն ու պարգևատրվեց ակադեմիական դիպլոմով:
DFM դիպլոմների եւ CFM վկայականների շնորհման պատվավոր արարողությունը տեղի ունեցավ ս/թ մայիսի 31-ին ՈՒԵՖԱ-ի գրասենյակում: ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների զարգացման բաժնի պետ Թիերի Ֆավրը ողջունեց բոլոր շրջանավարտներին, որից հետո IDHEAP-ի դեկան պրոֆեսոր Ժան-Լու Շապելեն եւ ՈՒԵՖԱ-ի կրթական ծրագրերի համակարգող Թոմաս Յունոն շրջանավարտներին շնորհեցին վկայականներն ու դիպլոմները:

 

 

ffa.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում