«Արմավիա»-ն դադարեցրել է որոշ չվերթներ. «Զվարթնոց»-ից պարզաբանում են
Նմանատիպ
Այսօր մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը անժամկետ գործադուլ է հայտարարել «Զվարթնոց» օդանավակայանին՝ չափազանց բարձր գնային քաղաքականության պատճառով: Այդ կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որը Times.am-ը ներկայացնում է ամբողջությամբ.
«Այսօր առավոտյան Արմավիա ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղևորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:
Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից:
Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով Արմավիա ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում գործող սակագները:
Մեր ընկերությունը բացասական է գնահատում Արմավիա ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում:
Նաև տեղեկացնում ենք, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին և անխափան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում