Մամուլն այսօր. Քաղաքական գովազդների սակագների և տարօրինակ օրենքների մասին

Ընտրություններ.

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հարաբերությունները հետաքրքիր զարգացումներ են ստանում: Շաբաթ օրը Սյունիքի մարզ էր այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը`քննարկելու ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Պարզվում է` այսօր էլ Սյունիքի մարզ է մեկնելու ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թե ինչու նա վարչապետի հետ չէր մեկնել, այլ գերադասել է առանձին գնալ ու հանդիպել մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, մնում է միայն կռահել: Թեև Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Աահակյանը թերթի հետ զրույցում ասել է, որ այդ ամենի մեջ չկա որևէ արտառոց բան: «Սյունիքն էլ է մեր մարզերից, զարմանալու բան չկա, միշտ էլ այցեր լինում են»,-ասել է նա:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է ձերբազատվել կուսակցության Աժ խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանից: Պատիժը դրսետրվելու է այն կերպ, որ Բոստանջյանը ԲՀԿ համամասնական ցուցակի ոչ առաջին և ոչ էլ երկրորդ տասնյակում տեղ չի զբաղեցնելու: Նա, ըստ որոշ տեղեկությունների, հաջորդ Աժ ԲՀԿ ցուցակով չի անցնելու: Երեկ, երբ թերթի թղթակիցն այս կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանից, նա պատասխանել է, որ ԲՀԿ համամասնական ցուցակը դեռ քննարկման փուլում է: Բոստանջյանի հետ զրուցել թղթակցին չի հաջողվել, վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում և տևական ժամանակ է` ընդհանրապես խուսափում է լրագրողների հետ շփումներից: «Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Ծառուկյանը վաղուց արդեն դադարել է Բոստանջյանին վստահել, իսկ ԲՀԿ-ում և ԲՀԿ-ամերձ շրջանակներում Բոստանջյանին համարում են Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ականը` ԲՀԿ-ի ներսում»,- հավելում է թերթը:

«168 ժամն» անդրադարձել է հեռուստաընկերություններով նախընտրական քարոզարշավի քաղաքական գովազդների սակագներին. «Քաղաքական գովազդի ամենաբարձր գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ 1 րոպեն արժե 120.000 դրամ։ 2007թ. խորհրդարանական ընտրություններում «Շանթի» քաղաքական գովազդի 1 րոպեն արժեր 108.000 դրամ։ Հաջորդը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունն է, որտեղ քաղաքական գովազդի 1 րոպեն արժե 110.000 դրամ (2007թ.՝ արժեր 130.000 դրամ): Այս ընտրությունների քարոզարշավում դրական փոփոխություն կարելի է համարել այն, որ ի տարբերություն վերը նշված «գլամուրային հեռուստաընկերությունների», քաղաքական գովազդի 1 րոպեի արժեքը զգալիորեն նվազեցրել են «Երկիր մեդիա» (2007թ. 100.000 դրամի փոխարեն՝ այս տարի 1 րոպեի արժեքը կկազմի 36.000 դրամ), «Կենտրոն» (2007թ. 108.000 դրամից այս քարոզարշավի ընթացքում 1 րոպեն նվազել է մինչև 32.000 դրամ) և «Արմնյուզ» հեռուստաընկերությունները. վերջինս սահմանել է քաղաքական գովազդի առայժմ հրապարակված ամենացածր սակագինը՝ 1 րոպեի համար 18.000 դրամ։ 

Հատկապես վերջին երեք հեռուստաընկերությունների ֆոնին՝ անհամեմատ բարձր է Հանրային հեռուստաընկերության սահմանած սակագինը՝ 1 րոպեն 80.000 դրամ, ինչպես 2007թ. ընտրություններում: Բացի Հանրայինից, վերը նշված բոլոր հեռուստաընկերությունները մասնավոր հեռուստաընկերություններ են և կարող էին սահմանել քաղաքական գովազդի այնքան բարձր արժեք, որքան թույլատրվում է օրենքով։ Նույնը, սակայն, տեղին չէ Հանրային հեռուստաընկերության դեպքում, որը, եթե հավատարիմ մնար իր կոչմանը և փորձեր ապահովել առավելագույն հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար, պետք է սահմաներ այնքան ցածր սակագին, որքան հնարավոր է տեխնիկապես»։

Տարօրինակ օրենքներ.

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է Դալմայի այգիների միջով նոր ավտոմայրուղու կառուցման նախագծին հավանություն տալու հարցը:

Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սարսափելիության աստիճան հետաքրքիր նախագիծ է սա: Նախ պարզվում է, որ Դալմայի այգիների մի հսկայական հատված կառուցապատվելու է: Երկրորդ, պարզվում է, որ եթե քաղաքապետարանը նույն սկզբունքներով շարունակի Դալմայի այգիների միջով ավտոմայրուղիների կառուցումը, ապա ամբողջ այգին ` կառուցապատվելու: Երրորդ, պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանի համար մրցույթով որևէ ծառայություն կամ ապրանք գնելը «զապադլո է», քաղաքապետարանը ամեն ինչ անում է «ուղղակի վաճառքների ձևով»: Չորրորդ… Այսպես կարելի է շատ երկար շարունակել: Այսինքն, նպատակն այլ է’ կառուցել մի նոր ճանապարհ, իսկ դրա շրջակայքը կառուցապատել ու ծախել: Եվ այդ ամենը Դալմայի այգիների տարածքի հաշվին: Դալմայի այգիներով անցնելու է ևս երկու մայրուղի, որոնց շինարարությունը վճարելու համար Էժէլի կառուցապատման համար հեկտարներով տարածքներ են կորչելու: Ի վերջո, Դալմայի այգիների փոխարեն կունենանք կազարմաներով խիտ կառուցապատված ևս մի տարածք, մոտավորապես «Բանգլադեշի» կամ «Էրեբունի մասիվի» պես: Այնինչ Դալմայի այգին մի մեծ, խիտ ու վայրի բուսականությամբ այգի կարելի էր դարձնել` մոտավորապես այնպիսին, ինչպիսին Նյու Յորքի կենտրոնական այգին է: Բայց դա մեզ չի «սպառնում»: 

«Առավոտ»-ը գրում է, որ մոտ 10 տարի է` մեր երկրում ուժի մեջ է տղամարդկանց եւ կանանց ամլացման վերաբերյալ օրենքը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել անցանկալի հղիությունից: «Այսինքն` կանանց պես, տղամարդիկ էլ կարող են դիմել կամավոր բժշկական ամլացման: Սակայն օրենքի ընդունումից ի վեր ոչ մի հայ տղամարդ չի դիմել նման քայլի: Ըստ բժիշկ- մասնագետների` հայկական մենթալիտետից ելնելով, անցանկալի պտղից ազատվելու կամ չհղիանալու համար միջոցներ ձեռնարկելու ամբողջ բեռը, մեր տղամարդիկ որպես կանոն, թողնում են կանանց վրա: Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը «Առավոտ»-ի հետ զրուցում ասաց. «Բժշկական ամլացման տարատեսակ մեթոդներ կան: Կանանց մոտ կատարվում է փողերի փակում, իսկ տղամարդկանց դեպքում սերմնածորաններն են փակվում, որն ավելի հեշտ է:  Բայց սա չի նշանակում, թե մարդիկ, որոնք ենթարկվել են ամլացման, այլեւս երեխա ունենալ չեն կարող:

Որպեսզի կամավոր բժշկական ամլացումը չդիտվի ժողովրդագրական աճի անկմանը նպաստող հանգամանք, ամլացմանը վերաբերող օրենքը ամեն մարդու չէ, որ թույլ է տալիս ամլանալ: Նախ` ամլացվող կինը պետք է 40 տարեկանից բարձր լինի, իսկ ընտանիքը ունենա առնվազն 4 երեխա:

Մեզ հետ զրույցում Գայանե Ավագյանը նշեց, որ կառավարությունը պատրաստվում է ամլացման կարգում տարիքային շեմը նվազեցնել` 40-ից դարձնելով 35, իսկ 4 երեխան դարձնել 3: Ի՞նչն է փոփոխության պատճառը` մեր հարցին տիկին Ավագյանը պատասխանեց. «Օրենքն ընդունելու ժամանակ` 2002 թվականին, ծնելիությունն ավելի բարձր էր: Իսկ տարիքն իջեցնելու միտքն այն է, որ 40-ից հետո ինքնին պտղաբերությունն ընմնում է»,- գրում է «Առավոտ»-ը:

Զարմանազան.

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի գործունեությունը արդեն հրապարակայնորեն դուրս է եկել հոգևոր ոլորտից և թևակոխել շոու բիզնեսի ասպարեզ, ինչը ոուսահայերի շրջանում վրդովմունք է առաջացրել: Բանն այն է, որ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ամենատեսանելի վայրերում հայտնվել են «Armenian Comedy Awards-2012» կոչվող միջոցառման գովազդային պաստառները, որի վրա կոմերցիոն ընկերությունների ապրանքանշանների կողքին, հավասարը հավասարի իրավունքով, պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի խորհրդանիշը: Բանն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցու ՌԴ թեմը, որի առաջնորդն, ինչպես հայտնի է, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն է, վերը նշված միջոցառման ոչ ավել, ոչ պակաս` հովանավորն է, ինչի արդյունքում էլ մեր Եկեղեցու անունն ու խորհրդանիշը հայտնվել է «Евросеть», «Euromusic» անունների կողքին: ՌԴ շատ դիտորդներ այս փաստը ոչ միայն տարօրինակ չեն համարում, այլև գնահատում են որպես օբյեկտիվ իրականություն, որովհետև, նրանց կարծիքով, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը վաղուց վերածվել է կոմերցիոն կազմակերպության:

«Հայայցք» օրաթերթը գրում է. «7 կմ=9 կմ: Այս և այսպիսի անտրամաբանակսւն հավասարումներն իրենց ամենաիրական արտացոլումն են գտնում, երբ օգտվում ենք երևանյան տաքսիներից: Շատերը բարկանում, ոմանք էլ պարզապես նկատում, սակայն լռում են, երբ նույն ճանապարհն անցնելիս տարբեր տաքսիների հաշվիչները տարբեր կիլոմետրեր ու տարբեր գումար են ցույց տալիս:

Հերթական անգամ նույն տաքսի ծառայությունից մեքենա պատվիրելիս վարորդին հարցրի, թե ինչպես է, որ նույն ճանապարհն անցնելիս իրենց ծառայության մեքենաներից մեկի հաշվիչը 900 դրամ է ցույց տալիս, մյուսինը` նվազագույն` 600 դրամ: Նա անկեղծորեն ասաց, որ տաքսի ծառայության նոր մեքենաների հաշվիչները որոշ տարբերությամբ են հաշվում: Նրա մեկնաբանմամբ` մեքենաների անիվների չափով պայմանավորված էլ են որոշ տարբերություններ առաջանում: Ավելին` հիշեց, որ էլի են դժգոհել նման հարցով: Հետաքրքրվեցի նաև, թե ինքը հիշո՞ւմ է`իրենց տաքսիների հաշվիչները ստուգվե՞լ են: Իհարկե, ստուգվել են` ասաց: Երբ հարցրի` ե՞րբ, նա անմիջապես հիշեց, ու ինքը նոր աշխատող է, չի կարող ասել: 

Ո՞վ և ինչպե՞ս է վեոսհսկում տաքսիների գործունեությունը: Պարզվում է` թեև տաքսիների հարցով զբաղվող կառույցները մի քանիսն են, բայց վերջնական վերահսկողությունը ոչ մեկի վրա էլ դրված չէ: Նախ` հարցը ոչ թե Տրանսպորտի և կապի, այլ էկոնոմիկայի նախարարության տիրույթում է: Հենց այս նախարարության կազմում գործող Չափագիտության ինստիտուտն է զբաղվում տաքսիների հաշվիչների ստուգաչափմամբ: Այսինքն` տաքսի ծաոայությունների ղեկավարները պետք է պարտադիր այստեղ բերեն իրենց հաշվիչները, որպեսզի ճշգրտվի` դրանք ճի՞շտ են չափում անցած ճանապարհը:

Պետք է բերեն, բայց բերո՞ւմ են, կամ ծառայության բոլոր մեքենաների հաշվիչներն են բերում: Չափագիտության ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը դժվարանում է պատասխանել: Չի էլ բացառում, որ շատերը չեն բերում: Փոխարենը բացատրում է, որ տաքսուն վճարվելիք գումարի` զայրույթ հարուցող տարբերությունների պատճառը ոչ թե ճանապարհը սխալ չափելն է, այլ գումարի հաշվարկման տարբեր ձևերը: «Տաքսի ծառայությունում կարող են կիրառել գումարի հաշվարկման ցանկացած ձև: Ազատ շուկա է, դա էլ իրավաբանական խախտում չէ:

Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մեր բարձրացրած այս հարցին պատասխանեց, որ տաքսիների ստուգմամբ իրենք չեն զբաղվում: Թե ինչ է կատարվում`իրենք տեղյակ չեն: Փոխարենը գիտեն, որ այսօր սպիտակ պետհամարանիշերով աշխատող տաքսիները դեռ ստվերում են. դրանք 6 ամիս ժամանակ ունեն լիցենզավորվելու: Իսկ մինչ այդ վարորդներն էլ իրենց հերթին են կամայական գումարներ պահանջում` թերևս դատելով մարդկանց հագուստից, պահվածքից, բայց հազվադեպ` ըստ կիլոմետրի»:


 

Հետևեք մեզ նաև Telegram-ում