ԵՊՀ-ում ցուցադրվել է «Սովի և կրակի միջև. իշխանություն՝ կյանքների գնով» վավերական ֆիլմը (տեսանյութ)
Նմանատիպ
Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի դահլիճում այսօր ցուցադրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից նկարահանված «Սովի և կրակի միջև. իշխանություն՝ կյանքների գնով» վավերական ֆիլմը:
Ֆիլմում ներկայացված են ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ստեփանակերտի շրջափակման ճեղքմանն ուղղված, Խոջալուի օպերացիայի իրականացման, ինչպես նաև Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի (այսպես կոչված` «Խոջալուի դեպքերի») հետ կապված մանրամասներ:
Ֆիլմի ցուցադրումից առաջ 20-ամյա վաղեմության դեպքերի ու ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից դրանց շահարկման մասին հակիրճ խոսքով հանդես է եկել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը, ով հանդիսանում է վավերագրական ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներից մեկը, դահլիճում հավաքված ուսանողներին ներկայացրել է ֆիլմի ստեղծման պատմությունն ու աշխատանքների ընթացքը: Ուսանողներին ողջույնի խոսքով դիմել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող հայտնի չեխ լրագրողուհի Դանա Մազալովան:
Հիշեցնենք, որ «Սովի և կրակի միջև. իշխանություն՝ կյանքների գնով» փաստավավերական ֆիլմըպրեմիերան կայացել է սույն թվականի մարտի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Արման Սաղաթելյանի խոսքերի համաձայն մոտ ապագայում ֆիլմը կցուցադրվի նաև Հայաստանի այլ բուհերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և մի շարք այլ երկրներում: Ներկայումս պատրաստ են ֆիլմի ռուսերեն և անգլերեն տարբերակները: Հեղինակները խոստացել են, որ շուտով ֆիլմը կթարգմանի ևս հինգ լեզուներով: