Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՄԱԿ–ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր «Կանանց առաջխաղացման միջոցով դեպի կայուն զարգացում» խորագրով քննարկում, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Հայաստանի դիվանագիտական առաքելության այս նախաձեռնությունը կոչված էր քննարկելու մասնավորապես գյուղական շրջաններում կանանց առաջխաղացմանն ուղղված միջազգային և ազգային մակարդակներում իրականացվելիք ծրագրերը` այս օրերին Նյու–Յորքում ընթացող ՄԱԿ–ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի շրջանակում: Մասնագիտական այդ լսարանում որպես օրվա բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, Կանանց համաշխարհային բանկի նախագահ` Մարի Ելեն Իսկենդերյանը, դեսպան Մերիլ Ֆրանկը և Հայ օգնության Միության ներկայացուցիչ` Ստեֆանի Կիլյանը:
Իր խոսքում դեսպան Նազարյանը մասնավորապես նշել է, որ վերջին տարիների ընթացքում, երբ մեծագույն ջանքեր են գործադրվում Հազարամյակի զարգացման նպատակներն իրականացնելու ուղղությամբ, գենդերային հավասարությունն և կանանց առաջխաղացումը պետք է դիտարկել և որպես նպատակ, և որպես միջոց` հասնելու համար կայուն զարգացմանը, և որ այս ընկալումը կարևոր է ս.թ. հունիսին Ռիոյում կայանալիք ՄԱԿ–ի Կայուն զարգացման համաժողովի համատեքստում: Դեսպանի կողմից առանձնացվել է, որ կանանց տնտեսական առաջխաղացումն ենթադրում է լայն իմաստով ֆինանսական միջոցներին տիրապետելու հարցում նրանց հնարավորությունների ավելացում, իսկ համայնքային շրջաններում նաև հողի, սեփականաշնորհման, սոցիալական ապահովության տրամադրման հարցում աջակցության ծրագրերի իրականացում: ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև հավելել է, որ առկա տնտեսական դժվարություններն անհրաժեշտ է դիտարկել որպես առիթ` ամրապնդելու համար կանանց առաջխաղացմանը միտված համապատասխան ազգային ծրագրերը:
Միջոցառմանը ներկա էին հայկական և միջազգային հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ–ի կառույցների, հիմնադրամների, մասնագիտական գործակալությունների և անդամ երկրների ներկայացուցիչները: