Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է «Եվրատեսիլ-2012»-ի մասնակցությունից

Այսօր Հայաստանի Հանրային հեռուսատեսությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի Բաքվում տեղի ունեցող «Եվրատեսիլի» այս տարվա միջոցառմանը: Այս որոշման մասին նշված է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում:

«Մենք խորապես հիասթափված ենք այս որոշումից: Չնայած մեր գործադրած բազմաթիվ ջանքերին՝ հայկական կողմն, այնուամենայնիվ հրաժարվել է իր պատվիրոկությունն ուղարկել Բաքու»,- նշել է մրցույթի գործադիր ղեկավար Ջոն Օլա Սանդը:

Նաև նշվում է, որ այս տարվա մրցույթին 43 պետությունների փոխարեն կմասնակցեն 42-ը: Յուրաքանչյուր կիսաեզրափակիչում կմրցեն 18 երկրների ներկայացուցիչներ: Եզրափակիչում նրանց կմիանան Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան և Ադրբեջանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին հայ երգիչները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել մրցույթի մասնակցությունից, քանի որ մեր ազգային արժանապատվությունը պետք է վեր դասենք ամեն ինչից:

«Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս»,- մասնավորապես ասվում էր երգիչների տարածած հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ մի շարք երկրներ, միջազգային կազմակերպություններ և կառույցներ բազմիցս կոչ են արել տեղափոխել «Եվրատեսիլ-2012»-ի անցկացման վայրը մեկ այլ իսկապես քաղաքակիրթ եվրոպական երկիր, քանի որ Ադրբեջանը մինչև վերջին պահը չէր խոստանում ապահովել մրցույթի մասնակիցների անվտագնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում