Ա.Ամարյան. «Աղանդերի գործունեությունը վտանգավոր է ոչ միայն մեծերի, այլև երեխաների համար»

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հոգևոր անվտանգության ապահովության խնդիրը Հայաստանում» կարևոր թեմային անդրադարձել են Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը և «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Տեր Եսային նշել է, որ հոգևոր անվտանգության հետ կապված շատ լուրջ արգելքներ ունենք, քանի որ Հայաստանում գործող աղանդները բարձիթողի վիճակում են:

«Ժողովրդավարությունը, խոսքի և խղճի ազատությունը լավ արժեքներ են, սակայն այսօր մարդիկ խոսքի ազատություն ասելով հասկանում են խոսելու իրավունք՝ առանց պատասխանատվության: Մարդիկ եկեղեցու դերին կամայական մեկնություններ են տալիս՝ այն ներկայացնում որպես հակաազգային կառույց, ասելով, որ այսօր մեզ եկեղեցի պետք չէ»,- ցավով նշել է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվը:

Խոսելով աղանդների բարձիթողի վիճակից՝ Տեր Եսային նկատել է, որ դրանք գործում են իրենց ուզածի պես՝ կիրառելով հակաքրիստոնեական մեթոդներ. «Ավելի վատ բան չկա, երբ մարդուն դաստիարակում ես միմիայն սևի ու սպիտակի համադրույթամբ: Աղանդները քարոզում են միայն դժողքի ու դրախտի համատեքստում. Այսինքն՝ եթե եկար իմ մոտ և մասնակցեցիր մեր ժողովին, դու դրախտ կգնաս, հակառակ դեպքում բոլորը դժոխքի բաժին կդառնան»:

Քահանան անդրադարձել է նաև աղանդների կողմից որդեգրված «անսխալականության երևույթին». «Նրանց միակ պատճառաբանությունն այն է, թե իրենք բողոքական եկեղեցու ճյուղ են և չի կարելի իրենց աղանդ անվանել: Սակայան նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչ ասել է բողոքականություն: Իրականում բողոքականներն առանձնացան, քանի որ դեմ էին Հռոմի պապի անսխալականությանը, բողոքում էին ինդուլգենցիայի դեմ, մինչդեռ այս աղանդները ոչ թե մարդուն են հնարավորություն տալիս ընտրելու՝ միանալ կամ ոչ, այլ իրենք են անթույլատրելի միջոցներով մարդկանց իրենց շարքերը համալրում»,- շեշտել է նա:

Տեր Եսային ընդգծել է, որ այսօր ամենավտանգավորը «Կյանքի խոսք» աղանդի գործունեությունն է. «Կյանքի խոսքը տոտալիտար քայքայիչ աղանդ է, ամենավտանգավորը, որովհետև խրախուսում է անառակ կյանքը: Նրանք ասում են, ինչ մեղք էլ գործես, մենք օտար լեզվով կբլբլանք, ու Աստված քեզ կների»:

Ասուլիսի մյուս բանախոս Ա.Ամարյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ մեր երկրում աղանդները պետություն են պետության մեջ: «Մենք դե ֆակտո գտնվում ենք պատերազմական իրադրության մեջ, և եթե հանկարծ պատերազմ լինի, նրանք կհրաժարվեն թե զենք վերցնել, թե ենթարկվել ՀՀ սահմանդրությանը»,- ասել է մասնագետը:

Նա նաև տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը վերջերս մեկ ժամ տևողությամբ 3 ֆիլմ է ստացել «Կյանքի խոսք» աղանդի անդամների ելույթներից: Գլխավոր դերերում Արթուր Սիմոնյանը և Անժելա Սարգսյանն են: Ֆիլմում հիմնավորվում է Ա.Սարգսյանի, նրա քրոջ և ամուսնու կապը այս աղանդի հետ:

«Ցենզուրան վերացել է, բայց դրա հետ միասին այսօր ով ինչ ուզում է՝ կարող է ցուցադրել: Կյանքի խոսքը փորձում է գնալ Եհովայի վկաների գնացած ճանապարհով և աղմկահարույց ինֆորմացիա հրապարակելով, շոուներ սարքելով իր համար վարկանիշ է հավաքում: Վերջերս նրանց անդամ երգիչ Մհերը ասեց՝ մենք աղանդ չենք, ավետարանչական ենք: Չէ իրենք աղանդ են, ու դա այլ կերպ չի կարող անվանվել»,- շեշտել է Ա.Ամարյանը:

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահի հավաստմամբ՝ աղանդավորական կազմակերպություների գործունեությունը վտանգավոր է ոչ միայն մեծերի, այլև երեխաների համար:

«Այն, ինչ այսօր կատարվում է, հոգևոր մեծ վտանգ է ներկայացնում: Նախ, դա «Դանակի փիլիսոփայությունը» վավերագրական տեսանյութն է, որը հայտնվել է վաճառքում և արյունահեղություն է տարածում, քարոզում է սպանություն, առանց թմրեցման վիրահատություններ և այլն: Մյուսը՝ 8 մանկական մուլտերն են, որոնց վրա առկա է «Առանց տարիքային սահմանափակումների» հատուկ նախազգուշացումը: Այն ներկայացնում է մանկական պոռնոգրաֆիա. գործող անձինք հոգևորականի շորերով երեխաներ են, ինչը ուղղված է եկեղեցու դեմ: Նրանում պրոպագանդվում է նաև համասեռամոլությունը, բռնաբարությունը: Արժեքն ընդամենը 500 դրամ է, և հասանելի բոլորին: Բացի այդ, մեր հեռուստասերիալներն ազատորեն, և արդեն վաղուց պրոպագանդում են ինցեստը` հարազատների հետ սեռական կապը»,- իր մտահոգությունն է արտահայտել Ա.Ամարյանը:

Բանախոսը նաև նկատել է, որ այդ ֆիլմերն արդեն 2 տարի է՝ գտնվում են ազատ վաճառքում՝  չնայած նրան, որ բոլոր պատկան մարմինները վաղուց տեղեկացվել են դրանց գոյության մասին:

«Առաջինը հանրային խորհրդին ենք տեղեկացրել, իսկ ոստիկանությունում մենք ուղղակի չունենք համապատասխան մասնագետներ: Բոլոր պետական կառույցները, այդ թվում նաև մշակույթի նախարարությունն այս մասին տեղեկացված են եղել»,-շեշտել է Ա.Ամարյանը:

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահի ներկայացրած տվյալների համաձայն՝ այսօր Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, որոնցից 55-ն աղանդներ են՝ ճյուղավորված 14 հիմանկան կազմակերպություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում