Ն.Սարկոզին այսօր հանդիպելու է Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր երեկոյան Ելիսեյան պալատում հանդիպելու է Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: «Nouvelles d’Arménie» պարբերականի հաղորդմամբ՝ ընդունելությունը կկայանա Սահմանադրական խորհրդի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժումից մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունել էր Վալերի Բուայեի առաջադրած նախագիծը, համաձայն որի, ցեղասպանությունը հանրորեն հերքող անձանց համար նախատեսված էր մեկ տարվա ազատազրկում և 45 հազ. եվրո տուգանք պատիժ: Սահմանադրական խորհրդում Սենատի պատգամավորների կողմից բողոքարկված նախագիծը մերժվեց՝ հակասահմանադրական ճանաչվելով «խոսքի և հաղորդակցության ազատության» տեսանկյունից:

Այս որոշումը խիստ վրդդովել էր նախագահ Սարկոզիին, ով կրկին խոստացավ հետևողական լինել այս հարցում և նոր օրինագծի մշակման հանձնարարություններ տալ: Սակայն նոր օրինագիծը չի կարող քննարկման դրվել խորհրդարանական ներկայիս շրջանի ավարտին և այն կվերադարձվի օրենսդիր մարմնին մայիսին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում