Հ.Աբրահամյանը կղեկավարի ՀՀԿ ընտրական շտաբը
Նմանատիպ
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվել են կազմակերպական և այլ հարցեր: Ինչպես հաղորդում են ՀՀԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀԿ գործադիր մարմինը որոշել է Հովիկ Աբրահամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում:
Գործադիր մարմինը հավանության է արժանացրել`
ա/ ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահի հաշվետվությունը իր և գործադիր մարմնի գործունեության մասին,
բ/ համագումարի բանաձևի նախագիծը:
Նիստում քննարկվել է ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Գեղամի Հարությունյանի կուսակցական վարքագիծը:
Համարելով, որ միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները, ՀՀԿ գործադիր մարմինը որոշել է Արթուր Գեղամի Հարությունյանին ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագծի համար հայտարարել խիստ նկատողություն: Արթուր Հարությունյանը հասարակությանը հայտնի է «Պալաչ» մականունով:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Ա. Հարությունյանը կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ առաջնորդի սանիկն է, ու վերջինիս մասին ասել էր. «Ծառուկյանը ուրացել է սուրբ մեռոնը»:
Նիստում քննարկվել են նաև առաջիկա համագումարի անցկացման հետ կապված կազմակերպական այլ հարցեր:
Հիշեցնենք, որ ՀՀԿ համագումարը տեղի կունենա մարտի 10-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում